Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության 9 կետերը

Ներկայացնում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության տեքստը, որն ընդունվել է նոյեմբերի 9-ին:

«1. 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

  1. Աղդամի շրջանը և Ադրբեջանական Հանրապետության Ղազախի շրջանում հայկական կողմից պահվող տարածքները վերադարձվում են ադրբեջանական կողմին մինչև 2020թ. նոյեմբերի 20-ը:
  1. Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներ, 90 միավոր զրահամեքենաներով, 380 միավոր ավտո և հատուկ տեխնիկայով:
  1. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է  Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման տեղակայման ժամկետը 5 տարի է`հաջորդ 5-ամյա ժամանակահատվածների ավտոմատ երկարաձգմամբ, եթե Կողմերից ոչ մեկը չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ:
  1. Հակամարտության կողմերի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայվում է խաղաղապահ կենտրոն:
  1. Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը Լաչինի շրջանը` թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), ինչը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և չի տարածվի Շուշի քաղաքի վրա:

Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիներին որոշվելու է Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման պլանը, որը կապահովի կապը Ստեփանակերտի և Հայաստանի միջև՝ հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի վերաբաշխմամբ:

Ադրբեջանի երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

  1. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
  1. Իրականացվում է ռազմագերիների և այլ պահվող անձանց և զոհվածների  մարմինների փոխանակում:
  1. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթևեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»: