Իրանի բանակը զրահատեխնիկա է տեղափոխել դեպի հյուսիսարևմտյան սահմաններ. ԻՌՆԱ-ի ֆոտոանդրադարձը

ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես է իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա տեղափոխում դեպի երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:

Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի իշխանության  չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի»,- նշել էր նա:

Հեյդարին ասել էր, որ  բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք բոլոր ջանքերը կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար: