Եվրոպայի խորհուրդը վաղուց է բարոյական, արժեհամակարգային ճգնաժամի մեջ, Պարոն Մնացականյանի խոսքին չանսալը դրա խորացումն է լինելու (մաս 2)

Քաղաքական պոռնկությունը հավանաբար մարմնական պոռնկությունից և այլասերումից է սկսվում…

Սկիզբը` այստեղ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանի իր ելույթում պարզ ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի և ԵԽԽՎ դիրքորոշումները, գնահատականները, հայտարարություններն «այլևս բավարար չեն», և որ Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանի թույլ տված խախտումը հասցեագրի (ինչը, ի դեպ, դեռ չի արել):

Ավելին. ԵԽ-ի կողմից Ադրբեջանի թույլ տված խախտման հասցեագրումը (ինչը ԵԽ-ն, ի դեպ, դեռ չի արել) դեռ բավարար չէ. Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ «Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը…», «Միջոցներ պետք է կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը…», «Հարավային Կովկասում Թուրքիայի ապակայունացնող դերը պետք է հասցեագրվի», «Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին»:

ՀՀ արտգործնախարարը վերոնշյալի առումով միանգամայն իրավացիորեն անհրաժեշտ է համարել Եվրոպայի խորհրդի ու նրա համապատասխան մարմինների (ԵԽԽՎ-ի, Նախարարների կոմիտեի) գործելը, ընդ որում, արագ գործելը («Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը և պետք է արագ գործենք»), և իր խոսքն ավարտել հետևյալ ընդգծմամբ. «Հակառակը՝  ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը և արժեքահամակարգի ճգնաժամը»:

Բնականաբար, տարակուսանք ու հարց է առաջանում, թե ՀՀ արտգործնախարարը Եվրոպայի խորհրդի այդ ի՞նչ բարոյական ճգնաժամի և արժեքահամակարգի ճգնաժամի մասին է խոսել… ԵԽ-ն ախր պետք է բարոյականություն և արժեհամակարգ ունենա, որ հնարավոր լինի խոսել դրանց ճգնաժամի մասին:

Եվրոպայի խորհուրդն Արցախում ընթացող պատերազմի և այնտեղ առկա հումանիտար աղետի, Արցախում բնակիչների իրավունքների և ազատությունների ոտնահարման բազմաթիվ դեպքերի նկատմամբ գործնականում անտարբեր լինելով, Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ, նույնիսկ ռազմական հանցագործության փաստերի առկայության պարագայում, համապատասխան միջոցներ չձեռնարկելով, հերթական անգամ վկայում է, որ վաղուց է բարոյական և արժեհամակարգային ճգնաժամի մեջ: Վերոնշյալ անգործությամբ ԵԽ-ն խորացնում է իր բարոյական և արժեհամակարգային ճգնաժամը, ակնհայտ դարձնում այն նույնիսկ մինչ այժմ չտեսնողների համար:

2020թ. առաջին 9 ամսվա ընթացքում Թուրքիան, թուրքական «Yeni Mesaj» կայքի տեղեկացմամբ, պաշտոնապես Ադրբեջան է արտահանել 123 միլիոն դոլարի զենք և ռազմական տեխնիկա, ընդ որում, նշված գումարից 77 միլիոնը (65 տոկոսը)` սեպտեմբերին: Այսինքն` այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ նախապատրաստեցին ու հայերիս դեմ սկսեցին պատերազմը: Կայքը նշել է նաև, որ Թուրքիան օգոստոս–սեպտեմբերին մեծ քանակության հարվածային ԱԹՍ–ներ (Bayraktar TB2) է վաճառել Ադրբեջանին։

Վերոնշյալի մասին հրաշալի իմանալով, մինչ այժմ ի՞նչ են արել Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը… ԵՄ անդամ առնվազն հինգ երկիր, նրանց թվում նաև` Գերմանիան, դեմ են արտահայտվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտաքիսի՝ Թուրքիային զենքի մատակարարման արգելք սահմանելու վերաբերյալ սեպտեմբերին արած առաջարկին:

Լավ, սեպտեմբերի առաջին կեսին դեռ չգիտեին, թե Արցախում ինչ է կատարվելու ամսավերջին, բայց Ադրբեջանի մտադրություններին և Թուրքիայի կողմից նրա ինտենսիվ զինմանն այդ պետությունները հո տեղյա՞կ էին… Իսկ հոկտեմբերին ի՞նչ են արել, երբ դաժան պատերազմն արդեն իրականություն էր, երբ Թուրքիայի կողմից Ադրբեջանին առ հոկտեմբերի 1-ը տրամադրված զենքի, զինամթերքի, հարվածային ԱԹՍ-ների գումարը 123 միլիոն դոլարի էր հասել: Գոնե հոկտեմբերից Թուրքիային զենքի մատակարարման արգելք սահմանե՞լ են… Իհարկե՛ ոչ: Ախր ինչպե՜ս կարելի է…

Եվրոպական հիշյալ կառույցների և այդ պետությունների համար իրենց աշխարհաքաղաքական, քաղաքական ու տնտեսական շահերը շատ վեր են մարդկայինից, բարոյականից, արժեհամակարգից… Մեկ այլ օրինակ էկ նշենք, որն անմիջականորեն վերաբերվում է հենց ԵՄ-ին. Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու փոխարեն, Եվրամիությունը մոտ 3 շաբաթ առաջ ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները:

Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը երբեք քրիստոնեական բարոյական արժեհամակարգի կրողը չեն եղել ու չեն, նրանց արժեհամակարգը հակաարժեհամակարգ է կամ, եթե ավելի պարզ ասենք, Սատանայի արժեհամակարգը: Նույնը` ամբողջությամբ կամ մասնակի, կարելի է ասել Եվրամիության անդամ բոլոր պետությունների համար:

Եվրոպայի խորհուրդը և եվրոպական այլ կառույցներ, Եվրոպան ինքը, ինչպես արդեն նշել եմ, վաղուց բարոյական և արժեհամակարգային ճգնաժամի մեջ են, ինչի վկայություններից են նաև Եվրոպայի խորհրդի ցնկնած Ստամբուլյան կոնվենցիան, եվրոպական բազմաթիվ երկրների կողմից նշված կոնվենցիայի ստորագրումն ու վավերացումը, դրանով ԼԳԲՏ անձանց այլասերման քարոզի և անթույլատրելի այլ իրավունքներ տալը և այլն, և այլն: Քաղաքական պոռնկությունը հավանաբար մարմնական պոռնկությունից և այլասերումից է սկսվում…

Եվրոպան արդեն հասել է այնտեղ, որ Եվրոպայի քրիստոնյաների մեծամասնության և աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապը սատարելով նույնասեռ միություններին, հրապարակավ հայտարարել է, որ միասեռականներն էլ ընտանիք ունենալու իրավունք ունեն, այսինքն` մարդկության մի ահռելի մասին դեպի հոգևոր կործանում ու դեպի աստվածային պատիժ` սոդոմգոմոր տանող ճանապարհին կանաչ լույս է վառել: Մնում է միայն, որ կաթոլիկ եկեղեցում անձամբ միասեռականների պսակադրության կարգ կատարի կամ թույլատրի նրանց ամուսնությունը եկեղեցու միջոցով, քահանայի օրհնությամբ:

Եվրոպան հիմա այսպիսի վիճակում է` զուրկ բարոյականությունից և արժեհամակարգից, կարո՞ղ ենք այսպիսի Եվրոպայից գործնականում ակնկալել վերոնշյալ գործողությունները… Անձամբ ես` ոչ, պատրանքներ չունենանք ու չկառչենք պատրանքներից:

Արթուր Հովհաննիսյան