Թրա՞մփ, թե Բայդեն, ո՞վ է հայերիս համար նախընտրելին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է:

Միացյալ Նահանգներում  երեկ կայացան նախագահական ընտրություններ․ հիշեցնենք, որ պայքարն ընթանում է գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջո Բայդենի միջև։

Քվեաթերթիկների հաշվարկը դեռ չի ավարտվել, սակայն չսպասելով վերջնական արդյունքներին, մի կողմից  հանրապետականները  վստահեցնում են, որ հաղթել է Թրամփը, անգամ Սլովենիայի վարչապետն է շտապել շնորհավորել Թրամփին: Մյուս կողմից,  դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն է  հայտարարում. «Մենք հաղթել ենք, հավաքել ենք  հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայները»։ Բայդենը նաև նշել է, որ կարող է հավաքել ավելի շատ ձայներ, քան որևէ մեկը ԱՄՆ պատմության մեջ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ,   դեմոկրատներն ամեն ինչ անում են  Թրամփից խլելու նրա  հաղթանակը,  օրինակ, այն  նահանգներում, որտեղ  հաշվարկի արդյունքում պարզվել է, որ հաղթում է Թրամփը՝ այդ մասին չի  հայտարարվել կամ Միչիգան նահանգում քվեաթերթիկները սկսել են  հաշվարկել առանց Հանրապետականների ներկայացուցիչների ներկայության։ ԱՄՆ տարբեր քաղաքներում ցույցեր են։ Ցուցարարները  փակում են երկաթուղիները, կա լարվածություն ցուցարարների ու ոստիկանների միջև, վերջիններիս ուղղությամբ նետվում են ջրով լցված շշեր։ Կանխատեսվում է, որ լարվածությունը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների։

ԱՄՆ այս ընտրությունները  ցույց տվեցին, որ թափանցիկ ընտրությունների մասին  ամենից շատ բարձրաձայնող, և այլ երկրներում տեղի ունեցող ընտրությունները, որպես կեղծված, անխնա  քննադատող ԱՄՆ-ը ևս «սուրբ» չէ այս հարցում։ Ժողովրդավար համարվող այդ երկրում  կեղծվում են ընտրությունները, ու այն էլ ո՜նց են կեղծվում: Նկատենք, որ  ԱՄՆ-ում ժողովուրդն ուղղակիորեն  չի ընտրում իր նախագահին,  այլ ընտրիչներն են իրականացնում ընտրությունը, ու կա կարծիք, թե ընտրություններն այդ երկրում կեղծ գործընթաց են, քանի որ իշխանական վերնախավում նախօրոք արդեն իսկ որոշված է, թե ով է լինելու երկրի նախագահը:

Հայտնի է, որ Թրամփը վատ հարաբերություններ ունի տարբեր երկրներում քաղաքացիական լարումներ, բախումներ հրահրող, գունավոր  հեղափոխությունների հայտնի սցենարիստ Ջորջ Սորոսի հետ: Բացառված չէ, որ նրա  տեխնոլոգիաներն այս անգամ էլ կիրառվեն հենց ԱՄՆ ներսում՝ Թրամփից ազատվելու համար:

Հայերիս համար կարևորն այն է, թե ԱՄՆ նախագահական  ընտրություններն ի՞նչ ազդեցություն կունենան ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վրա, առավելևս Արցախի դեմ սանձազերծված  պատերազմի ընթացքի վրա:

ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված անձն ունի՞ վճռորոշ դեր, թե՞ ով էլ ընտրվի՝ միևնույն է, քանի որ, մասնավորաբար,  Արցախի հարցում իրականացնելու է արդեն իսկ հաստատված ամերիկյան քաղաքականությունը: ԱՄՆ-ը կարո՞ղ է ճանաչել Արցախի անկախությունը, արդյո՞ք, կսրվեն ՌԴ -ԱՄՆ հարաբերությունները խաղաղարարների տեղակայման հարցում։ Այս և այլ հարցերի շուրջ Սուրեն Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։

Մանրամասները՝ տեսանյութում