Լավալի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև

Կանադայի Լավալ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:

Բանաձևում նշվում է, որ քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, կոչ է անում Կանադայի և Քվեբեկի կառավարություններին անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես Ժնևի Կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու համար: Կանադայի կառավարությանն առաջարկվում է Արցախի հայերին տալ անջատ լինելու հնարավորություն՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու ճանապարհով:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, բերդաքաղաք Շուշին, Մարտունին, Մարտակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք, վնասվում շենք-շինություններ: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացնում են Արցախի անկախության ճանաչման հարցը: Արցախի անկախության ճանաչման բանաձևեր են ընդունել Իտալիայի, Ֆրանսիայի մի շարք քաղաքներ: