Նորվեգիան 1,5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կհատկացնի Արցախի խաղաղ բնակչությանը

Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 մլն նորվեգական կրոն (€1,5 մլն) ուղարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն օգնելու համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է երկրի ԱԳՆ-ն:

«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ շատ կյանքեր են խլել, ստիպել են շատերին լքել իրենց տները և մեծ տառապանքներ են պատճառել քաղաքացիական բնակչությանը: Նորվեգիան 17 մլն կրոն կուղարկի հումանիտար կազմակերպություններին, որոնք պաշտպանում են և աջակցություն են տրամադրում նրանց, ովքեր ամենից շատ են տուժել հակամարտության պատճառով»,- հայտնել են նախարարությունից:

Երկրի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեի խոսքով՝ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտության մասնակիցները կապահովեն հումանիտար կազմակերպությունների հասանելիության անվտանգությունն ու առանց խոչընդոտ աշխատանքը: Վերջինս հայտնել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: