Բելգիացի պատգամավորը լրագրողների հետ այցելել է Արցախ և Հայաստան, հանդիպել նախագահներին

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ից 30-ը Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալեմանը և մի խումբ բելգիացի լրագրողներ այցելել են Արցախի և Հայաստանի հանրապետություններ: Պատվիրակությանն ուղեկցել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը և Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախկին ատենապետ Պետրոս Պետրոսյանը: Ժորժ Դալեմանն առաջին եվրոպացի պատգամավորներից է, որ այցելեց Արցախ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո:

Այցի ընթացքում բելգիացի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում Ժորժ Դալեմանը նշել է. «Ես ինձ հետ Արցախ եմ բերել Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև բելգիացի բազմաթիվ գործընկերների աջակցությունն Արցախի ժողովրդին: Արցախը հերոսաբար պաշտպանվում է ադրբեջանական բանակից, որին աջակցում են վարձկաններ, ջիհադիստներ և Թուրքիայի Էրդողանի ռեժիմը: Վերջինները մեր երկու ժողովրդավար երկրների համար ընդհանուր թշնամիներ են: Եվրոպան պետք է ամեն ինչ անի հայերի դեմ ջարդերն ու ռազմական հանցագործությունները դադարեցնելու համար»:

Երևանում պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան և Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների ներգրավածությունը պատերազմում։