ՀՀ ՄԻՊ-ը միջազգային փորձագետներին ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակիչների նկատմամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ՝ հայտնում են ՀՀ Պաշտպանի գրասենյակից։

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական բնակչության թիրախավորման և ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ: