Այսօր պետք է զինկոմիսարիատների առջև 24 ժամ հերթեր գոյացած լինեն դիմակներով. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է հասկանանք, որ սա շատ ճակատագրական պահ է և մեզնից որևէ մեկը չի կարող հույս ունենալ, որ կգտնվեն ուժեր Հայաստանում կամ Սփյուռքում, որոնք այս հարցը կլուծեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ յուրաքանչյուր հայ այս օրակարգին նվիրված լինի նույնչափ, որքան նվիրված կանգնած են զինվորները առաջնագծում: Մենք առյուծի նման տղերք ունենք և մենք նրանց պետք է պատշաճ գնահատանքի արժանացնենք»,-ասել է նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին խոսում էր մարտի դաշտից փախածների մասին. «Այսօր էլ մենք ունենք այդպիսի երևույթ: Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, իհարկե, պատերազմը բերում է քաոսային իրավիճակներ, բայց բոլորը պետք է իմանան, որ մարտի դաշտցի փախածը պետք է արժանանա հանրային ամենասուր պարսավանքի և որևէ պատճառաբանություն չի ընդունվելու:

Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք կանգնել, ինչը չի նշանակում, որ չպետք է պատրաստ լինենք փոխզիջման: Ընդհակառակը, որպեսզի փձոխզիջման հասնելու հնարավորություն ունենանք, մենք պետք է կանգնենք: Եթե մենք բոլորս կանգնեցինք, կին-տղամարդ, Հայաստանում, Սփյուռքում, մենք կկարողանանք Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն ծավալել: Չկանգնեցինք, փախչելու տեղ էլ չի լինելու: Մենք մեր շահերի եզրագծին ենք»,-հայտարարել է վարչապետը:

Նա հավելեց, որ այսօր ամբողջ պետությունը, բոլոր քաղաքացիները պետք է պատերազմական ռեժիմի մեջ լինեն. «Այսօր պետք է զինկոմիսարիատների առջև 24 ժամ հերթեր գոյացած լինեն դիմակներով: Շատ լավ է կամավորագրումը գնում: Հիմա ինչքան էլ Ադրբեջանում մտածեն, որ հեսա մի քիչ էլ, ու իրենց ուզածը կլինի, հայ ժողովուրդն իր արձագանքով պետք է ցույց տա, որ չէ, կապիտուլյացիա չի լինելու, կոտրվել չի լինելու, հանձնվել չի լինելու»,-ասել է նա: