Հադրութից Արաքս ընկած մարտագծում օպերատիվ իրադրությունը ժամ առ ժամ փոփոխվում է. Սենոր Հասրաթյան

Արդեն տեսանելի է, որ Հայոց զինվորն աստիճանաբար հարմարվելով պարտադրված նորօրյա սերնդի պատերազմի պայմաններին՝ մտնում է մարտական գործողությունների նոր շրջան: Այս մասին գրել է Սենոր Հասրաթյանը:

«Դա ոչ միայն նկատելի է շուրջ 200 կմ-ոց ռազմաճակատային գծի հյուսիսային, հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան հատվածներում, որտեղ թշնամին շաբաթներ շարունակ հուսահատ ճիգեր է գործադրում ճեղքելու հայկական ուժերի պաշտպանությունը և մատնվում անհաջողության, այլև արդեն Հադրութից Արաքս ընկած մարտագծում ժամ առ ժամ փոփոխվող օպերատիվ իրադրությունից:

Ընթացիկ գործողությունները հուշում են, որ ժամանակը գործում է ոչ թե հակառակորդի, այլ յուրային զորքերի օգտին, քանի որ գնալով՝ օր-օրի ոչ միայն նոսրանում են ադրբեջանա-թուրքական հանցավոր ղեկավարության կողմից վարձակալված գրոհայինների շարքերը (որոնք հանդիսանում են հակառակորդի հիմնական հարձակողական ուժերը), այլև կրճատվում միլիարդավոր նավթադոլարներով ձեռք բերված սպառազինության և տարատեսակ ռազմա-տեխնիկական միջոցների թվաքանակը:

Հատկանշական է, որ հակառակ դրան, աննկատ, բայց հաստատուն կերպով աճում են հայկական կողմի հնարավորությունները, ինչն ամենայն հավանականությամբ իրենց զգացնել կտան մոտ ապագայում: Այս և ընթացիկ մյուս զարգացումներից ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ալիևը հայտնվել է Էդողանի լարած թակարդի մեջ, իսկ վերջինս՝ իր հիմար երևակայության»,-գրել է Հասրաթյանը։ 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։