ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ սենատորը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Էդվարդ Մարքին պետքարտուղար Մայք Փոմպեոյին կոչ է արել անհապաղ հրադադրի հասնել Լեռնային Ղարաբաղում և ձգտել ԼՂ հակամարտության բանակցային ճանապարհով լուծման:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 23-ին Փոմպեոն առանձին-առանձին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Սենատորը նկատել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների՝ սկզբում Ռուսաստանի, ապա  Ֆրանսիայի մարդասիրական զինադադարի առաջարկները միանգամից խախտվել են: Մարտերը խլել են հարյուրավոր քաղաքացիական անձանց կյանքեր: Սենատորը շեշտել է նաև, որ Թուրքիան հայ ժողովրդի դեմ կռվելու համար բերել է նաև սիրիացի վարձկանների:

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնց ամբողջությամբ աջակցում է Թուրքիան, պետք է դադարեցվեն: Պետքարտուղար Փոմպեոն պետք է հասկացնի, որ ԱՄՆ-ը աջակցում է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է նպաստել բանակցություններին:  Հաջող զինադադարի և խաղաղության հասնելու համար այլ կողմերը, ինչպիսին Թուրքիան է, պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները և ռազմական միջամտությունը: ԱՄՆ-ը պետք է անմիջապես հասնի շփման գծում հրադադարի և շտապ վերադարձնի բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագների միջնորդությամբ: Քանի որ Ադրբեջանը շարունակում է հակամարտությունը ապօրինի ռազմական ուժի միջոցով լուծելու իր փորձերը, միջազգային հանրությանն այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը՝ կառուցողական բանակցությունների բացակայության պայմաններում»,- ասել է սենատորը:

Նա նաև նշել է, որ Փոմպեոն պետք է հասկացնի, որ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը ամբողջությամբ կկիրառվի, և այդպիսով ԱՄՆ-ը կդադարեցնի անվտանգության ոլորտում աջակցությունն Ադրբեջանին: Հայտարարությունում նաև ասվում է, որ Փոմպեոն և ԱՄՆ նախագահ Թրամփը, որոնք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ սերտ կապեր են հաստատել, պետք է հասկացնեն իրենց ավտորիտար ընկերոջը, որ այս հակամարտությունում հետագա ներգրավումը Թուրքիայի համար կարժենա ռազմական օգնության և ջերմ հարաբերությունների դադարեցում: