Հայաստանի ՀՕՊ ուժերը հաստատում են. Հայաստանի դեմ ագրեսիա է կատարվում

ՀՀ քաղաքացիները գիտեն, ամերիկյան արտադրության F-16 կործանիչները, հենց Թուրքիայի, և ոչ թե այլ երկրի կործանիչները, խախտեցին Հայաստանի օդային տարածքը Արցախում ռազմական գործողությունների վերսկսման առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին: Հոկտեմբերի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գարի Մովսեսյանը ևս մեկ անգամ հաստատեց այս փաստը: «Ադրբեջանի այն հայտարարությունները, թե Թուրքիան չի մասնակցում Ղարաբաղի ռազմական գործողություններին, կեղծ են: Թուրքական F-16 կործանիչները հուլիսին Ադրբեջան էին ժամանել Վրաստանի օդային տարածքով: Նրանք մասնակցել են թուրք-ադրբեջանական զորավարժություններին: Այս զորավարժություններից հետո նրանք մնացին Գյանջայի ռազմական օդանավակայանում»,- ասաց գնդապետ Մովսեսյանը:

Ըստ Հայաստանի Պաշտպանության նախարարության, սեպտեմբերի 27-ին թուրքական F-16-ը խախտել է հանրապետության օդային տարածքը՝ խորանալով 6 կիլոմետր: Երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի մարտական ​​մեքենայի հարձակման արդյունքում խոցվեց հայկական օդուժի Սու-25 գրոհիչ ինքնաթիռը, մեր օդաչուն մահացավ: Բացի դրանից, հոկտեմբերի 10-ին F-16-ները թիրախավորեցին Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Կապան քաղաքի արվարձանները, Արծվանիկ գյուղը, կան զոհեր և վիրավորներ: Պետք է ենթադրել, որ մեր Պաշտպանության նախարարությունն իր ձեռքում ունի բավարար ապացույցներ, որպեսզի ոչ ոք չզբաղվի (և շատ երկար…) հայտարարությունները «ստուգելու» գործով, որ «Ապշերոնյան  խանությունը» և Թուրքիան ագրեսիա են սկսել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ: Ես անձամբ պահանջում եմ, որ վարչապետ Փաշինյանը, Արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի ղեկավարության առջև բարձրացնեն «Մեծ պայմանագրի» համապատասխան կետերի օգտագործման հարցը և անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ Հայաստանը թուրքերից և «կովկասյան թաթարներից» պաշտպանելու համար: Կարծում եմ, որ իմ պահանջին միանշանակ կաջակցեն Հայաստանի և Արցախի քաղաքացիների առնվազն 99%-ը:

Երևանում ոչ ոք պարտավոր չէ «նայել» ԱՄՆ-ին և Իսրայելին` Անկարայի և Բաքվի գլխավոր հովանավորներին և «պահապաններին»: Հայաստանի իշխանություններ. եկել է ժամանակը՝ արագ և ճիշտ ընկալելու այն ազդանշանները, որոնք բառացիորեն ձեզ վրա են թափվում Մոսկվայից 2020-ի հոկտեմբերին: Դեռ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի արտգործնախարար (և կիսահայ…) Սերգեյ Լավրովը  ռուսական ռադիոկայաններին տված հարցազրույցում հրապարակավ հայտարարեց. «Մենք երբեք Թուրքիային չենք որակել որպես մեր ռազմավարական դաշնակից, նա միայն շատ մոտ գործընկեր է: Շատ ոլորտներում այս գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի, և, իրոք, մենք աշխատում ենք Սիրիայում, փորձում ենք օգնել լուծել Լիբիայի ճգնաժամը»: Եվ վերջ: Լավրովի ցուցակում չկա Արցախը, Անդրկովկասը կամ, օրինակ, Բալկանները…

Ի դեպ, ինչպես գրում են լրատվամիջոցները, թուրքերը նույնպես գտնվում են ԱՄՆ «սև ցուցակում»: Պարզվում է, որ օգոստոսին, երբ Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններն էին, որոնք այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել էր «հակաթուրքական», Անկարան «միացրեց» Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի ռադարները և ցուցադրաբար իրականացնում էր ՆԱՏՕ-ի հենց F-16-երի որս-խափանումներ: Մենք, իհարկե, հակաօդային պաշտպանության ոլորտի մասնագետ չենք, բայց հաստատում ենք, որ F-16 ինքնաթիռները հնացած տիպի կործանիչներ են, և դրանք կարող էին խփվել նաև հին S-200 հակաօդային պաշտպանության համակարգերից, ոչ թե ժամանակակից  S-300 և S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից: Հայաստանը վաղուց ուներ իր սեփական Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերը, և կարիք չկա «վախենալ» թուրքական F-16 ինքնաթիռները խփելուց… 

Սերգեյ Շաքարյանց