Խոսքը Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտման մասին է. Արման Թաթոյան

Հայ-ադրբեջանական պատերազմում կարևոր է հաշվի առնել ահաբեկչական խմբերի առկայությունը, որն այլևս միջազգայնորեն հաստատված փաստ է: Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս: Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այս վայրագրությունները, դաժանությունները, զանգվածային ավերածությունները, որոնք Ադրբեջանի զինուժն իրականացրել է Արցախում, նաև այն բանի հետևանք են, որ միջազգային կազմակերպությունները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին»,- ասաց Թաթոյանն ու հավելեց, որ նկատի ունի, մասնավորապես, իր և Արցախի ՄԻՊ-ի հրավերները, կոչերը:
Թաթոյանը նշեց, որ հակառակորդի կողմից եղած հարձակումները թիրախային և տարբերակում չդնող հարձակումներ են, որոնք իրականացվում են արգելված՝ կասետային զինատեսակներից։
«Այստեղ ևս մեկ կարևոր գործոն կա, դա հսկայածավալ ատելության խոսքն է, որն առաջին օրվանից ուղեկցում է ողջ պրոցեսին: Ակնհայտ է, որ Ադրբեջանում եղել է պետական բարձր աջակցություն վայելող ատելություն: Սոցցանցերի էջերը, խմբերը, օգտատերերը, որ կան, ինստիտուցիոնալ բնույթ են կրում։ Բռնության տեսարաններ տարածելով, թիրախավորելով երեխաների, տարեցների՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների և վայրագությունների համար»,- ընդգծեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այս ամենը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական շղթային բաղադրատարրեր, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս՝ խոսքը Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտման մասին է: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ից հարվածներ են հասցվել նաև ՀՀ քաղաքներին ու գյուղերին՝ Սոթք, Շատվան, Մեծ Մասրիկ, Կութ և այլն․ «Այստեղ փաստահավաք աշխատանքներն արել են սեպտեմբերի 30-ին, աշխատանքներն իրականացնելու օրը ևս ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված ենք եղել դադարեցնել փաստահավաք աշխատանքները, հետո շարունակել ենք, բայց հաջորդ օրն ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ էին հացրել այնտեղ, որտեղ մենք փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել, որի արդյունքում ունեցանք մեկ սպանված քաղաքացիական անձ և երկու վիրավոր»: