Վրաստանը հերքել է քաղաքացիական չվերթների անվան տակ ռազմական բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան և Ադրբեջան

Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տարանցումը Հայաստան և Ադրբեջան արգելված է, օդային տարածքը բաց է միայն հումանիտար և առևտրային նպատակներով թռիչք իրականացնող ինքնաթիռների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, գրում է newsgeorgia.ge կայքը։

«Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։ Ըստ փաստաթղթերի, որն ունի Վրաստանը, թռիչքները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին»,- հայտարարել է նա։

Պաշտոնյան շահարկում է  որակել որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն առ այն, որ Վրաստանի տարածքով քաղաքացիական չվերթների անվան տակ ռազմական բեռնափոխադրումներ են իրականացվում:

Նա նաև հավելել է, որ Վրաստանը նախկինի պես կատարում է իր միջազգային պարտավորությունները՝ կապված օդային միջանցքով հումանիտար բեռների բացթողման հետ, սակայն, եթե որևէ փոխադրող չարաշահի դա, Վրաստանի արձագանքը կլինի համապատասխան և խախտողը կպատասխանի միջազգային իրավունքին համապատասխան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: