Փարիզում հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Նախօրեին հարյուրավոր մարդիկ, մեծամասամբ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, բողոքի ակցիա են կազմակերպել Փարիզում Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Նրանք ցուցադրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն Անկարայի անմիջական մասնակցությունը դատապարտող պաստառներ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը հայտարարել է, որ Ադրբեջանն անտեսում է կրակի դադարեցման բոլոր կոչերը, ինչը կարող է նոր ողբերգությունների հանգեցնել:

«Ստեղծված իրավիճակում կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը միջամտի, միջամտող ուժեր ուղարկի, ինչպես որ արվում է համայն աշխարհում: Դա անհրաժեշտ է խաղաղության հաստատման համար, եթե Ադրբեջանը չի ընդունում այդ խաղաղությունը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորներն ազատության, ժողովրդավարության զինվորներ են, քանի որ Հայաստանը պաշտպանում են բռնապետական Ադրբեջանից և պատերազմից»,-նշել է Փափազյանը:

Նա հավելել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը միասնական աջակցում է Հայաստանին: