Արաբական պետությունների լիգա. «Դա լավ ավարտ չի ունենալու Թուրքիայի և նրա ղեկավարության համար»

Որքան ավելի շատ է ձգձգվում մեր պատերազմը, այնքան ավելի շատ միջազգային ուժեր են սկսում քննարկել. ի՞նչ է կատարվում Անդրկովկասում: Բոլոր կարծիքներից այսօր առանձնացնում ենք Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և իրանցի գիտնական հետազոտող, Թեհրանի Համալսարանի Համաշխարհային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսոր և պաղեստինյան հիմնախնդիրների ավագ փորձագետ Հադի Բորհանիի տեսակետները: Կարծում ենք, որ այս կարծիքները բացարձակ ճշգրտորեն արտացոլում են օբյեկտիվ իրականությունը:

Ալ-Ասադի և պրոֆեսոր Բորհանիի տեսակետները, ըստ էության, Իրանի իշխանությունների տեսակետներն են, այդ իսկ պատճառով Հայաստանում բոլորը պետք է իմանան, թե ինչ են ասել Սիրիայի նախագահը և Պաղեստինի հարցերով ավագ փորձագետը: Այսպիսով, պարոն ալ-Ասադը հոկտեմբերի 5-ին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախ-ԼՂՀ շուրջ հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն է: «Նա աջակցում է Լիբիայում ահաբեկիչներին, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս Լեռնային Ղարաբաղում հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն է»,- ասել է Սիրիայի նախագահը: Դատելով այն փաստից, որ նա խոսել է «ՌԻԱ Նովոստիի» հետ, ալ-Ասադը համաձայնեցրել է իր տեսակետը ոչ միայն Թեհրանի, այլև Մոսկվայի հետ: Ի պատասխան, ինչպես հայտնի է, Էրդողանը Սիրիան (ի դեպ Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի հետ միասին…) անվանել է «քրեական ռեժիմներից մեկը»: Թուրքի արձագանքը բնական է, հատկապես Սիրիայի հարցում. այս երկիրը այն սակավաթիվ պետություններից է, որը իր դաշնակիցների օգնությամբ հարված հասցրեց Թուրքիայի «դեմքին»:

Բայց ի՞նչ կպատասխանի Էրդողանը այն փաստին, որ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հոկտեմբերի 4-ին մատնանշել է Թուրքիայի ապակառուցողական դերը Կովկասի և Միջերկրական ծովի տարածաշրջաններում, որտեղ Անկարայի գործողությունների պատճառով տեղի է ունեցել լարվածության աճ: Ընդ որում՝ Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը ենթադրել է, որ Թուրքիայի նման պահվածքը «վատ ավարտ է ունենալու» Անկարայի համար. «Թուրքիան տարածաշրջանի այլ երկրների և աշխարհի տերությունների հետ բախվում է մի շարք հարցերի շուրջ, և դա լավ ավարտ չի ունենալու նրա ղեկավարության համար: Թուրքիայի նախագահը ռազմական տեսանկյունից միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին: Էրդողանը նաև միջամտել է Կովկասում՝ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, ներխուժել Արևելյան Միջերկրական ծովի գազի հանքեր, ինչը Ֆրանսիայի նման մեծ ու ազդեցիկ երկրին ստիպել է կործանիչներ և ավիակիր ուղարկել Կիպրոս: Անգամ Իտալիան, որն ըմբռնումով էր մոտենում թուրքական մի շարք դիրքորոշումների, հետ է քաշվել Ֆրանսիայի կողմ: Այժմ բոլորն են Էրդողանին ասում, որ իր գործողությունները կպատժվեն»: Ահմեդ Աբուլ Գեյթի խոսքերով՝ ինքը «նեղված է այն բանից, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է օգտագործում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար». «Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկանները օգտագործվում են Էրդողանի կողմից»:

Իրանցի պրոֆեսոր Հադի Բորհանին ուշադրություն է հրավիրում մեր պատերազմի մյուս կողմի վրա, և մենք համոզված ենք, որ նա ճիշտ է: Բորհանին IRNA գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, որ իսրայելական ռեժիմը փորձում է շահարկել ղարաբաղյան ճգնաժամը՝ հատկապես Իրանի ու Թուրքիայի միջև լարվածություն ստեղծելու նպատակով: Մի փոքր մեջբերենք Հադի Բորհանիին. «ԼՂՀ հարցում Իսրայելը հոգ չի տանում ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի մասին: Իսրայելում մտածում են, թե ինչպես ձուկ որսալ այս պղտոր ջրում: Իմ կարծիքով, այս ճգնաժամը շահագործելու Իսրայելի նպատակներից մեկը թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն ստեղծելն է»: Մենք կավելացնենք. Իսրայելը փորձում է վերակենդանացնել Թուրքիայի և Իրանի միջև պատերազմի ծրագիրը, որի մասին դեռ 1992թ. MIT թուրքական հետախուզական ծառայության փախուստի դիմած երկու գործակալներ պատմել էին տարբեր լրատվամիջոցների, որ թուրք-իրանական պատերազմի նախապատրաստումը ղեկավարում է Վաշինգտոնը:

Հասկանալի է նաև Իսրայելի հեռահար նպատակը. սունի-շիական լայնածավալ զինված բախում, և հենց դրան էին ձգտում ԱՄՆ-ը և Իսրայելը, երբ ահաբեկչական պատերազմ էին հրահրում Սիրիայի դեմ: Արդյո՞ք նկատելի և խիստ խորհրդանշական չէ, որ Թուրքիայի և Իսրայելի հասցեին մեղադրանքները գրեթե միաժամանակ հնչում են Դամասկոսից և Թեհրանից: Բայց Ալ-Ասադը և պրոֆեսոր Բուրխանին, անկասկած, ճիշտ են… Եվ, ի դեպ, Հայաստանի և Արցախի քաղաքացիներին տեղեկացնենք նշանակալի նորության մասին. հոկտեմբերի 6-ին Սիրիայում հանդիսավորությամբ բացվել է Ապսնիայի (Աբխազիա) Հանրապետության դեսպանությունը, երկրների կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր դիվանագիտական ​​կամ ծառայողական անձնագրեր ունեցողների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին: Այ՝ այսպիսի դիվանագիտական ​​հաջողություն կունենար մեր Արցախը… Թե՞  Երևանում ինչ-որ մեկը դեմ է:

Իսկ հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը միացել է Թուրքիայի և «Բաքվի հանրապետության» գործողություններով լրջորեն մտահոգված անձանց շարքին: «Ըստ ԱՀԾ-ում առկա տվյալների՝ հակամարտության գոտի ակտիվորեն ներգրավվում են Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիրկաթ Համզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների գրոհայիններ: Ընդ որում՝ խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն փող աշխատել նոր ղարաբաղյան պատերազմի միջոցով»,- նշվում են նրա խոսքերը ծառայության կայքում: Ղարաբաղում բռնկվող զինված առճակատումը, ինչպես արտահայտվել է Նարիշկինը, մագնիսի պես գրավում է զինյալների տարբեր միջազգային ահաբեկչական կառույցներից: Այդ ի՞նչ խելապակասներ էին  և 2020-ին, և նախորդ տարիներին Հայաստանի հասարակությունից «պահանջում» «աջակցել քրդերին»: Ալլո, ԱՄՆ և Իսրայելի գործակալներ. փորձեք հերքել Ռուսաստանի ԱՀԾ տնօրենի հայտարարությունները… Մենք գրելուենք միայն փաստերի, ոչ թե ֆանտաստիկայի հիման վրա և կասենք. ժամանակն է, որ բոլոր համաշխարհային ուժերը, որոնք ազնվորեն պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ, ընդհանուր ճակատով հարվածեն Թուրքիային, «Բաքվի հանրապետությանը» և կտրուկ սահմանափակեն այդ ահաբեկչական երկրների հովանավորող-խնամակալների՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի, հնարավորությունները:

Սերգեյ Շաքարյանց