Պատերազմի դադարեցում միայն Արցախի անկախության անհապաղ ճանաչման դեպքում

Այդ ի՞նչ չնախատեսված, չեղած կամ, թեկուզ, առաջիկայում կայանալիք խորհրդավոր բանակցությունների մասին է խոսքը…

Ֆրանսիայի արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ այսօր Ղարաբաղի շուրջ բանակցություններ են լինելու Ժնևում և Մոսկվայում, և որ դրանք երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, շարունակվելու են Մոսկվայում:

«Reuters»-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երեկ հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին Ժնևում  Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում:

«Մենք ուզում ենք բոլորը հասկանան, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց նախապայմանների, և մենք բանակցություններ ենք սկսում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությամբ»,- «Reuters»-ի տեղեկացմամբ, ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի ռազմական միջամտությունը, որը, նրա միանգամայն ճիշտ գնահատմամբ, հղի է հակամարտության միջազգայնացման վտանգով:

Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ ասել է նաև. «Մենք ամեն օր կապի մեջ ենք միմյանց հետ (չի հասկացվում` Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարների, թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների.- Ա. Հ.): Այս պահին դա (ռազմական գործողությունների դադարեցումը.- Ա. Հ.) հաջողությամբ չի պսակվել: Վաղը Ժնևում հանդիպումներ կլինեն, իսկ երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան այլ հանդիպումներ, և մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հասնել բանակցությունների վերսկսմանը»:

Պետք է ենթադրել, որ Ժան-Իվ Լե Դրիանը լինելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, բավական լուրջ մարդ ու լուրջ պաշտոնյա է, այսինքն` առանց այսօր Ժնևում հիշյալ հանդիպման համար կողմերի միջև ձեռք բերված որոշակի պայմանավորվածության, չէր հայտարարի այդ մասին:

Պարոն Դրիանը թեև չի հայտնել, թե վերոնշյալ հանդիպմանը կողմերից ովքեր են մասնակցելու, սակայն պարզ է, որ հիշյալ բանակցությունները կարող են լինել կամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նիկոլ Փաշինյանը, սակայն, Հայաստանում է, Ալիևն էլ` Ադրբեջանում, համենայն դեպս, նրանցից որևէ մեկը Ժնև չի գնացել բանակցությունների: Ինչ վերաբերվում է Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպմանը, ապա ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը երեկ հայտարարեց, որ նման հանդիպում նախատեսված չէ: ԱԳՆ մամուլի քարտուղարը «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ կապակցությամբ գրել է.

«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:

Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը:

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է»:

Ներկայացնելով բանակցությունների վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, Նաղդալյանը, ըստ էության, բացառել է այդ բանակցություններին ոչ միայն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, այլև Հայաստանից որևէ այլ պաշտոնյայի մասնակցությունը: Նկատենք, որ հիշյալ բանակցություններին Արցախի արտաքին գործերի նախարարի մասնակցությունը նույնպես բացառված է, քանի որ Ադրբեջանն առ այսօր Արցախը չի ճանաչում որպես բանակցային կողմ:

Բնականաբար, հարց է առաջանում` այս դեպքում Ժան-Իվ Լե Դրիանն ինչ հիմքով կամ ինչո՞ւ է հիշատակել հանդիպումների մասին, որոնցից, համենայն դեպս, առաջինին մասնակիցներ չկան: Կարելի է ենթադրել, որ «Reuters»-ը, գուցե նաև այլ ԶԼՄ-ներ ինչ-ինչ նպատակով պարոն Դրիանին վերագրել են մի հայտարարություն, որով նա հանդես չի եկել, սակայն այդ դեպքում նա կամ Ֆրանսիայի ԱԳՆ-ը պետք է արդեն հանդես եկած լինեին հերքմամբ, սակայն այդպիսի հերքում չկա, համենայն դեպս, մեզ չհաջողվեց որևէ տեղ այն գտնել:

Միաժամանակ նշենք, որ Աննա Նաղդալյանի վերոնշյալ հերքումը չի բացառում առաջիկա երկուշաբթի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ վարվելիք բանակցությունները (հեռախոսային կամ անձնական հանդիպմամբ), սպասվող այդ բանակցությունների մասին ավելի վաղ «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Եթե Ադրբեջանը նույնիսկ համաձայնի պատերազմի դադարեցմանը, ինչը շատ քիչ է հավանական, քանի որ հայտնի են Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց ետևում կանգնած ուժերի նպատակները, ապա հայկական կողմը դրան պետք է համաձայնի միայն Ադրբեջանի կողմից, առանց որևէ նախապայմանի, Արցախի Հանրապետության անկախության անհապաղ ճանաչման դեպքում, կամ, առնվազն, Արցախի անկախության միջազգային ճանաչման դեպքում: Մյուս բոլոր տարբերակները պետք է բացառվեն:

Եթե Ֆրանսիան և ԱՄՆ-ն իսկապես կամ անկեղծորեն ցանկանում են պատերազմի դադարեցում, թող Արցախի անկախության միջազգային ճանաչման նախաձեռնությամբ հանդես գան, հրապարակայնորեն այդ կոչն ուղղեն նաև Ռուսաստանին, այլ պետությունների, և, որպես այս աշխարհի հզորներ, Ռուսաստանի հետ միասին ճանաչեն ԱՀ անկախությունը:

Որևէ կասկած չկա, որ Ռուսաստանն այդ դեպքում կհամաձայնի ու նրանց հետ միասին կճանաչի Արցախի անկախությունը, սակայն ինքը չի կարող միայնակ նշված նախաձեռնությամբ հանդես գալ կամ ճանաչել ԱՀ անկախությունը, քանի որ Ադրբեջանի հետ իր ներկայիս գործընկերային հարաբերություններն անմիջապես կվերածի թշնամականի, երկրում գտնվող մոտ 2 միլիոնանոց ադրբեջանական համայնքի հետ խնդիրներ կառաջանան, ստիպված կլինի խաչ քաշել Թուրքիայի հետ ՌԴ համար տնտեսապես շահավետ ներկայիս առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

Ավելին` բացառված չէ նույնիսկ, որ առանց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում Ռուսաստանը ստիպված լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքներում ներքաշվել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի և միջազգային ահաբեկիչների դեմ լայնածավալ պատերազմի մեջ, ինչը Ռուսաստանին ոչ միայն ձեռնտու չէ, այլև նրա համար խիստ վտանգավոր է:

Արթուր Հովհաննիսյան