Ստեփանակերտում հրթիռակոծության ժամանակ վիրավորված փրկարարը մահացել է. ՀՀ ԱԻՆ

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի մահը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ը:

«Հովիկ Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարեցին Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել:

Նա վիրավորվել էր հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ, երբ, մասնավորապես մասամբ վնասվել էր ԱԻ ՊԾ վարչական տարածքը:

Մեր խորին վշտակցությունը Հովիկի ընտանիքին, նրա հարազատներին ու գործընկերներին»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: