Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։

Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։