Հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ

Ամսի 27-ի նախահարձակ գործողություններից հետո անցած գիշեր առաջին անգամ հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների, իրավիճակը կարելի է գնահատել հարաբերական հանգիստ, որովհետև պատերազմը շարունակվում է. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հետախուզության պարզած տվյալներով՝ առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, մի քանի հարյուր զոհեր կան թալիշ զինվորների շրջանում, ինչը, Վահրամ Պողոսյանի կարծիքով,  լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություների մոտ և առաջիկայում ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիայի:

«Այս փաստերը վկայում են, որ Ադրբեջանը այս սադրիչ գործողություններն օգտագործում է իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար: Նման էթնիկ զտիչ քաղաքականություն իրականացվել է արցախահայության նկատմամբ խորհրդային ժամանակաշրջանում, երբ Արցախը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում»,- նշեց նա:

Վահրամ Պողոսյանը ընդգծեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Ադրբեջանի տարածքից հայրենական պատերազմի մեկնել է 19-ը տղամարդուց մեկը, իսկ Արցախում՝ 3-ից մեկը, սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները փորձել են Ադրբեջանի կազմում ապրող ազգային փոքրամասնություններին պարզապես վերացնել:

«Հիմնականում Ադրբեջանի զինվորների բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին արդեն թմրեցրած վիճակում, սա միանշանակ ռազմական հանցագործություն է»,-եզրափակեց խոսքը Վահրամ Պողոսյանը: