Խնդրում եմ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների, ԱԺ պատգամավոր Գ․Ծառուկյանի, և Մարտի 1-ի գործով անցնող պաշտոնատար անձանց համաներման որոշում ընդունել․ Քոթանջյանը դիմել է ՀՀ նախագահին և վարչապետին․ hraparak.am

Hraparak.am-ի հաղորդմամբ՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ռազմավարական անվտանգային հետազոտություններ ՀՀ, ՌԴ, ԱՄՆ), Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը պաշտոնապես դիմել է ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ։

«Պաշտոնապես դիմումս ուղարկված է ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի գրասենյակներ՝

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի սանձազերծումը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում հայտարարվող Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից համատեղ պատերազմի ուղղակի սպառնալիքի իրականացումն է, ինչպես նաև ուխտադրուժ թշնամու դեմ պայքարում հայ ժողովրդի բոլոր ուժերի համախմբման և ադրբեջանական ագրեսիայի՝ տարածաշրջանային պատերազմի վերաճման կանխման անհրաժեշտությունը, խնդրում եմ Ձեզ ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ։

Հայկ Քոթանջյան, պաշտոնաթող գեներալ – լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ռազմավարական անվտանգային հետազոտություններ ՀՀ, ՌԴ, ԱՄՆ), Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ»,- ասված է Քոթանջյանի դիմումի մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: