Հրապարակումների սահմանափակումները՝ ռազմական դրության պայմաններում

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ․ Հրապարակվել է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Իք 1586 – Ն որոշման հավելված՝ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին՝ հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ՝ պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ։