Մեր գեղեցիկ գլուխները պատով կտանք՝ միայն մեր իրավունքները պաշտպանելու համար

Այսօր առավոտից Աղբյուր Սերոբի 7 հասցեի  բնակիչները հերթական անգամ երկու կողմից մեքենաներով փակել էին շենքի հարակից փողոցը՝ խոչընդոտելով շինտեխնիկայի մուտքը շինհրապարակ և բողոքելով քաղաքային իշխանությունների կայացրած որոշման դեմ, որով բնակելի շենքի հարակից տարածքում՝ մի քանի մետր հեռավորությամբ, բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն է տրվել նախկին չգործող մանկապարտեզի շենքն ապամոնտաժելու հաշվին: Ի դեպ, մանկապարտեզը թեև չէր գործում նշված շենքում, բայց դժգոհող բնակիչները պնդում են, որ շենքը բարվոք վիճակում էր և կասկածելի է այն քանդելու որոշումը, որը իրենք ևս չեն տեսել ու ծանոթ չեն քանդման թույլտվության հիմնավորումներին: Նրանք չեն բացառում, որ դրանք կեղծված լինեն և իրականությունը որոշման մեջ ճիշտ ներկայացված չլինի, ինչպես նախկինում նույն սկզբունքով հողին հավասարեցրին պատմամշակութային հուշարձանները: Մանկապարտեզի շենքը հուշարձան չէ, և դրա հետ կապված մեքենայությունները դժվար թե որևէ մեկի աչքը ծակեին, ուրեմն որտե՞ղ են հավաստիացումները, որ կառույցը քանդման ենթակա էր: Բնակիչները պնդում են նաև, որ շինթույլտվության որոշումը կայացվել է առանց քաղաքաշինական և անվտանգության չափորոշիչների պահպանության և առանց հարակից շենքերի բնակիչների հետ հաշվի նստելու, հանրային լսումներ կազմակերպելու:

Առաջին անգամ տուժած բնակիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին օգոստոսի 13-ին՝ պահանջելով ավագանու անդամների և քաղաքային իշխանությունների ներկայությունը շինհրապարակում, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենային երկխոսելու նրանց հետ, պարզաբանումներ ստանալու և իրենց բնակարաններին, իրենց շենքին սպառնացող վտանգների մասին բարձրաձայնելու: Սակայն քաղաքապետարանը խնդիրն այնքան էլ կարևոր չհամարելով՝ այնտեղ էր ուղարկել շինարարության և բարեկարգման վարչության՝ խնդրից բոլորովին անտեղյակ շարքային աշխատակցի, որը խուսափելով հարցերի տարափից՝ հավաստիացրել էր մտահոգված բնակիչներին, որ իրենց շենքին որևէ վտանգ չի սպառնում և հարևանությամբ ընթացող շինարարությունը շենքի մասնակի փլուզման պատճառ չի դառնա, որևէ ձևով չի վնասի շենքի անվտանգությանը: Եթե նման բան լինի, նոր կմտածեն հետևանքները վերացնելու մասին: Քաղաքապետարանը պատեհ ու անպատեհ առիթով հղում է կատարում սեյսմիկ անվտանգության մասին տրված փաստաթղթին՝ նշելով, որ առանց այդ թույլտվության՝ իրենք շինարարության համար կանաչ լույս չէին վառի: Շինթույլտվությունը, ըստ քաղաքապետարանի, տրվել է «Սեյսմանվտանգություն» ՓԲ ընկերության, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված եզրակացությունների հիման վրա։ Բայց բնակիչներն էլ պնդում են, որ սեյսմիկ անվտանգության առումով ուսումնասիրություն է իրականացվել և ուսումնասիրություն է պատվիրվել միայն շինարարության հրապարակում՝ ապագա կառույցի համար, մինչդեռ որևէ մեկը չի ուսումնասիրել և եզրակացություն չի տվել՝ հարևանությամբ ընթացող շինարարությունն արդյո՞ք բացասական հետևանքներ չի ունենա շատ մոտ գտնվող բազմաբնակարան շենքերի ու առանձնատների համար, հաշվի առնելով, որ տարածքը, որը փորվում է ապագա կառույցի համար, բազալտե հիմք ունի: Նման եզրակացություն չկա, և դեպքերը փաստում են, որ մոտակա շենքերի ու տների բնակիչներն ամենևին ապահովագրված չեն նման վտանգներից:

Ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչներից մեր գործընկեր Պարույր Սինիավսկին՝ օրերս շինհրապարակի հարևանությամբ սեփական առանձնատան առաստաղը մասնակի փլուզվել ու ընկել էր բնակչուհու վրա, որին հիվանդանոց էին տեղափոխել: Կառուցապատողը բնակչի հետ իր հարաբերությունները ինչ-որ ձևով կարգավորել էր, այդ պատճառով առանձնապես աղմուկ չբարձրացավ, սակայն Աղբյուր Սերոբի 7 շենքի բնակիչներից մեկ ուրիշը ցույց տվեց իր ճաքած պատշգամքի լուսանկարները՝ ասելով, որ ինքն այդ մասին ահազանգել է ԱԻՆ համապատասխան վարչություն, նրան հորդորել են սպասել մինչև պատշգամբն ամբողջությամբ կփլվի, կընկնի, և իրենք նոր այդ ժամանակ կփորձեն քաղաքացուն որևէ բանով օգնել, միջոցներ կձեռնակեն: Իսկ առայժմ անհանգստանալու անհրաժեշտություն չկա:

Պարույր Սինիավսկին ասաց, որ իրենք պահանջում են Երևանի քաղաքապետարանից՝ վերանայել շինթույլտվության համար տրամադրած փաստաթուղթը՝ հետևելով օրենքի բոլոր պահանջներին, որոնցից մեկն էլ հանրային լսումներ հրավիրելն է: Բնակիչը պնդում է, որ քաղաքապետարանը, թաղապետարանը պարտավոր էին հանրային լսումներ կազմակերպել որոշում կայացնելուց առաջ և դրանում ներգրավել հարակից բոլոր շենքերի բնակիչներին: Սակայն քաղաքապետարանն այս դեպքում էլ գործել է ինքնագլուխ, թեև քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գլխապատառ հայտարարում էր, թե նման լսումներ եղել են, և գործընթացը ծայրից ծայր օրինական, է այն դեպքում, երբ Պարույր Սինիավսկու դիտարկմամբ, նա ամենևին ծանոթ չի եղել խնդրին և մի քանի անգամ իրեն այդ մասին ահազանգելուց և ԱԺ-ում պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կողմից հարցը վարչապետին ներկայացնելուց հետո միայն որոշել է արձագանքել և պաշտպանել քաղաքապետարանի ու շինարարություն իրականացնող սեփականատիրոջ շահերը: Ի դեպ, ավելի ուշ քաղաքապետարանից Հակոբ Կարապետյանի համառ հավաստիացումները, թե բնակիչների հետ քննարկումներ են եղել, ապատեղակատվություն են որակվել. քաղաքապետարանը հերքել է նրա տված տեղեկությունը:

«Մենք ուզում ենք հարգված ու լսելի լինել, ուզում ենք, որ բնակչի շահն առաջնային համարվի կառուցապատողի շահից, փողից: Իսկ այս շինարարության հետևանքով ոչ միայն մեր տներն են վնասվում, այլև առողջությունը: Շինարարական փոշին շատերի առողջության վրա է ազդում, շենքում կան ասթմատիկ, ալերգիկ հիվանդություններով տառապողներ, որոնք պարտադրված են տանից փախչելու, որ այդ օդը քիչ շնչեն: Իսկ շինարարական աղմուկը մյուսներին էլ տանից դուրս է հանում, մարդիկ նախընտրում են տանը չմնալ ու չխելագարվել այդ ձայնից, դղրդոցից:  Աղմուկը, ցնցումները, վախը, լարվածությունը խախտել են մեր բնականոն կյանքը, առողջությունը վտանգել: Այսքան բնակչի շահերն անտեսելով՝ փոքր ներդրումային ծրագրի համար սեփականատիրոջ օգտին որոշում կայացնելը ներկաներին ինչո՞վ է տարանջատում նախկիններից: Նախկինների որոշումներում էլ փաստաթղթերը նորմալ էին լինում, իբրև օրինական, բայց ներկաները, որոնք այն ժամանակ ընդդիմություն էին, բազմաթիվ անօրինականությունների մասին էին բարձրաձայնոմ: Ներկաների դեպքում նման գործողություններն ավելի վայրագ են, քանի որ իրենք եկան նախկինը մերժելու և նորը հաստատելու խոստումով, և փաստորեն ստեցին, կեղծեցին», -ասաց բնակիչը՝ ավելացնելով, որ իրենք պահանջում են քաղաքապետարանից երևանցիների շահը վեր համարելով՝ տվյալ տարածքը գերակա շահ ճանաչել ու կանաչապատել՝ տարածքի երեխաներին բակով ապահովելով:

Բողոքի ակցիայի ամենաթեժ պահին դեպքի վայրում էին նաև իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, քաղաքապետարանից ու կառավարության քաղաքաշինության հարցով վերահսկիչ մարմնի ներկայացուցիչներ, թաղապետը, որոնք այցելելով մոտակա բնակիչների տները, արձանագրում էին խնդիրները: Ավելի ուշ կառավարության ներկայացուցիչը ծանոթացել է շինթույլտվության փաստաթղթերին և մեր աղբյուրի տեղեկացմամբ, որոշակի անհամաձայնություններ նկատել գլխավոր հատակագծի և կառուցապատողի նախագծի միջև, որտեղ շրջակա տարածքը ներկայացված է որպես ամայի կանաչապատված տարածք՝ առանց բնակելի տների ու շենքերի: Պատգամավորը և կառավարության ներկայացուցիչը խոստացել են ուսումնասիրել խնդիրը և հարկ եղած դեպքոմ համապատասխան ընթացք տալ դրան: Բայց մինչև դա՝ փաստորեն շինարարությունը կընթանա իր հունով, իսկ մոտակա բնակիչները ստիպված կլինեն համակերպվել իրողություններին և սպասել պաշտոնյաների արձագանքին:

Թագուհի Ասլանյան