Դատարանի մոտից, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, 3 անձ է բերման ենթարկվել

Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի մոտից, որտեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ  քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, քաղաքացիներ են բերման ենթարկվել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնել են, որ Ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը երեքն է, նրանք Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար են բերման ենթարկվել (Ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանել է դատարան: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ տրամադրությամբ է եկել դատարան, Ծառուկյանը նշեց, որ շատ լավ տրամադրություն ունի:

Հարցին՝ մտավախություն ունի, որ իրեն կալանավորելու որոշում կկայացնեն, Գագիկ  Ծառուկյանն ասաց․ «Ես խոսել եմ իմ երկրի համար, իրավիճակի համար. այսօր սոցիալ-տնտեսական վիճակն այնքան ծանր է, որ երբեք նման վիճակ չի եղել: Ես հունիսի 5-ից ասել եմ, որ այս վիճակից պետք է դուրս գալ: Այսօր ամբողջ աշխարհում մի պետություն չկա, որ աջակցի Հայաստանին, ես ասել եմ՝ ուղղենք, թե չէ ավելի վատ է լինելու, սակայն հունիսից մինչև հիմա ավելի վատ է եղել»: