Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի ունեցել «Նովիչոկ» կոչվող նյութ

Խորհրդային Միությունը և Ռուսաստանը երբեք չեն իրականացրել հետազոտություններ «Նովիչոկ» թունավոր նյութի ստեղծման համար: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն պնդումներին, թե Ռուսաստանի Դաշնությունը երբեք այդպիսի նյութ չի ունեցել՝ մեջբերելով Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի խոսքերը, թե նյութի պաշարները ոչնչացվել են:

«Մենք բազմիցս նշել ենք, որ ո՛չ Խորհրդային Միությունում և ո՛չ էլ Ռուսաստանում, ի տարբերություն արևմտյան երկրների, «Նովիչոկ» ծածկագրով գիտահետազոտական ​​և փորձարարական նախագծեր երբեք չեն իրականացվել: Ես կարող եմ միայն վերահաստատել, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և իրավիճակը այս հարցում փոփոխությունների չեն ենթարկվել»,- ասել է նա:

«Ինչ վերաբերում է անհատների կողմից այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներին և ԶԼՄ-ների կողմից Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունների ոչ ճշգրիտ մեկնաբանություններին, դրանք մեկնաբանությունների կարիք չունեն,- շարունակել է Զախարովան: -Ես բարձրաձայնել և վերահաստատել եմ մեր դիրքորոշումը»:

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Բունդեսվերի թունաբանները, հիմնված Ալեքսեյ Նավալնու լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա, եկել են այն եզրակացության, որ նա ենթարկվել է «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի ազդեցության: Սեպտեմբերի 14-ին Բեռլինը հայտարարեց, որ ԵՄ երեք լաբորատորիաներ, ներառյալ Ֆրանսիայում և Շվեդիայում, հաստատում են գերմանական կողմի եզրակացությունները: