Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի

ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում  Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 121 կողմ ձայն:

Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,պատժվում է ազատազրկմամբ` տասից  տասնչորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: