Թուրքիան շարունակում է լկտիանալ. Հունաստանը պահանջում է դադարեցնել սադրանքները

Թուրքիան և ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (ավելի ճիշտ է անվանել Կիպրոսում թուրքական օկուպացիոն բանակային կորպուս) զորավարժություններ  են անցկացնում Միջերկրական ծովում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի Պաշտպանության նախարարությանը: Ըստ Թուրքիայի ռազմական գերատեսչության՝ «Միջերկրածովյան փոթորիկ» անվանումը ստացած զորավարժություններում ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերը: Իրադարձությունները նախատեսված են սեպտեմբերի 6-11-ը, դրանց շրջանակներում նավերը կմշակեն իրենց ջրային տարածքը պաշտպանելու մարտավարությունը և ծովում հնարավոր հարձակողական գործողությունները: Մի շարք վերլուծաբանների ենթադրությունների համաձայն, թուրքերի գործողությունը պատասխան էր Հունաստանի՝ Միջերկրական ծովի ջրերում վերջերս տեղի ունեցած զորավարժություններին՝ այլ երկրների ավիացիայի և նավատորմի ներգրավմամբ:

Ինչպես հայտնի է, ներկայումս Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների սրացում է նկատվում, ինչը պայմանավորված է ծովահատակի ածխաջրածնային հանքավայրերով և վերոհիշյալ ջրային տարածքում սահմանի բացակայությամբ: Կողմերը նախկինում միմյանց մեղադրում էին վիճելի տարածքում հումքի ապօրինի արդյունահանման կազմակերպման մեջ: Խոսքը Թուրքիայի ափի մոտ գտնվող հունական կղզիների, ինչպես նաև Հյուսիսային (օկուպաված) Կիպրոսի ջրային տարածքում ծովահատակի մասին է: Բացի այդ, Հունաստանը Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ միասին կտրականապես դեմ է Թուրքիային և նրա «միջոցներին» Լիբիայում և Լիբիայի Միջերկրական ծովի ափերի ջրերում:

Հունաստանի և Թուրքիայի հետ կապված Արևելյան Միջերկրական ծովի այլ հակասություններ, ինչպես հայտնի է, առաջացել են 1973-74 թթ. և ավելի սրվել Կիպրոսում տեղի ունեցած հեղաշրջումից հետո: Թուրքիան զորք է մտցրել կղզային պետության հյուսիս, որտեղ հռչակել է մասամբ ճանաչված պետություն՝ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»: Բայց նշենք, որ այս «ՀԿԹՀ»-ն ճանաչվել է միայն Թուրքիայի և… Նախիջևանի ինքնավարության կողմից: Անգամ Ադրբեջանը չի համարձակվում պաշտոնապես ճանաչել «ՀԿԹՀ»-ն: Մի խոսքով, իրավիճակը պարզ չէ, քանի որ Կիպրոսի օրինական Հանրապետությունը ՄԱԿ և ԵՄ անդամ է, և հույները արգելափակել են թուրքամետ «կարգավորման ծրագիրը»` պահանջելով անվերապահորեն դուրս բերել Հյուսիսային Կիպրոսից թուրքական օկուպացիոն ուժերը: Բայց, ինչպես տեսնում ենք, թուրքերն ուզում են ասել, որ թքած ունեն Հունաստանի ու հույների վրա…

Աշխարհը սպասում է. ինչպե՞ս կարձագանքեն Հունաստանը և Կիպրոսը: Ավելի վաղ, օրինակ, Հունաստանը և ԱՄԷ-ն սիմետրիկ կերպով են արձագանքել Միջերկրական ծովում թուրքական նավատորմի հերթական զորավարժություններին: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիայի հետ բանակցություններ կսկսի Արևելյան Միջերկրական ծովի սահմանների շուրջ հակամարտությունը կարգավորելու հարցում, հենց որ դադարեցվեն «թուրքական սպառնալիքներն ու սադրանքները»: «Հունաստանը միջազգային իրավունքի հիման վրա կարող է և ցանկանում է քննարկել Էգեյան ծովում, Միջերկրական ծովի արևելքում գտնվող գոտիների սահմանազատումը: Բայց ոչ սպառնալիքի տակ», – ասել է Միցոտակիսը չինացի բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչիի հետ հանդիպման ժամանակ, որն այցով գտնվում էր Աթենքում, հաղորդում է Reuters-ը: «Հրաժարվեք սպառնալիքներից բանակցությունները սկսելու նպատակով», – դիմել է Հունաստանի վարչապետը Թուրքիայի ղեկավարությանը: «Հենց սադրանքները դադարեցվեն, քննարկումները կսկսվեն»: Միցոտակիսը նաև հաղորդել է, որ Հունաստանի արտգործնախարարն իր կողմից նամակ կփոխանցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին, որում ամփոփված է Աթենքի դիրքորոշումը: Հունաստանի վարչապետն այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունից հետո այն մասին, որ Հունաստանը և Թուրքիան, որպես Հյուսիսատլանտյան դաշինքում երկու «արժեքավոր դաշնակիցներ», պայմանավորվել են բանակցել Արևելյան Միջերկրական ծովում պատահական բախումներից խուսափելու համար:

Ինչպես տեսնում ենք, Աթենքը հերքել է Ստոլտենբերգի խոսքերը: Ի վերջո, Թուրքիան չի դադարում հույների դեմ հրապարակավ արված սպառնալիքներ տարածել: Իսկ Հյուսիսային Կիպրոսում օկուպացիոն ռազմական կորպուսի մասնակցությամբ զորավարժությունները նույնպես Թուրքիայի բացահայտ սադրանքն են: Սակայն Ստոլտենբերգը պետք է մտածի նաև այն մասին, թե ինչպես «հաշտեցնել» Ֆրանսիան թուրքերի հետ, քանի որ Փարիզը նույնպես ակտիվացել է և՜ Լիբիայում, և՜ Արևելյան Միջերկրական ծովում: Աշխարհն իրականում աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների նախաշեմին է: Հարցն այն է, թե արդյո՞ք աշխարհի գերտերությունները պատրաստ են մնալ անկաշկանդ դիտորդներ այն բանի, թե ինչպես է ուժգնանում խաղաղ բանակցություններից` որպես հակամարտությունների լուծման միջոց, հրաժարվելու միտումը:

Սերգեյ Շաքարյանց