Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Կառավարության շենքի դիմաց

Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը Կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա խոսքով՝ պատճառը 2008 թվականին Կառավարության  ընդունած որոշումն է։

«Այսօր, ժամը 10:00-ից հայտարարել եմ անժամկետ հացադուլ կապված նրա հետ, որ մեր այսօրվա իշխանություններն իրենց իրավունք են վերապահում արձակել հակասահմանադրական ենթաօրենսդրական ակտ, խոսքը 2018 թվականի օգոստոսի 8-ին ընդունված 898 Ն որոշման մասին է, որն արձակվել է՝ հիմնվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետի, որը դրանից մեկ ամիս առաջ հակասահմանադրական և անվավեր է ճանաչված եղել»,– ասել է նա:

Ցոլակ Խաչատրյանը նշել է, որ ոստիկանները փորձում են խոչընդոտել իր օրինական գործողությունները՝ պահանջելով, որ չտեղադրի իր պաստառը: Պահեստազորի սպան իր գործողությունները որակում է որպես ինքնապաշտպանական, քանի որ իրեն այլընտրանք չեն թողել: Նա նաև տեղեկացրել է, որ այս գործով հաղթել է վարչական դատարանում։

«Խնդիրը նրանում է, որ մարդիկ պարտավորվածութուն ունեն փոխհատուցել ինձ չտրամադրված ամենամյա արձակուրդները: Իրենք դա կատարել են այս պահի դրությամբ մասնակի, այն էլ երբ հարուցվում է քրեական գործ՝ դատարանի որոշումը միտումնավոր չկատարելու առնչությամբ: Մոտավորապես 14 մլն դրամի փոխարեն տրամադրվել է չորսուքանի մլն դրամ՝ հղում անելով Կառավարության որոշմանը, որն ակնհայտ հակասահմանադրական է: Մինչև հանրությունը չտեղեկանա, իրենք քայլ չեն անում, իրենք թքած ունեն  Սահմանադրության, օրենքների, մարդկանց իրավունքների և ազատությունների, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման պահանջների վրա»,- ասել է Ցոլակ Խաչատրյանը: