Հնդկաստանը կորոնավիրուսային նոր հակառեկորդ է սահմանել

Հնդկաստանը համաշխարհային հակառեկորդ է սահմանել մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվով, գրում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 90 632 դեպք, ինչը մեկ օրում ամբողջ աշխարհում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Համավարակի սկզբից Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 4 113 811 դեպք, որից 70 626-ը՝ մահվան ելքով։

Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցել է 27 միլիոնը, սակայն ենթադրվում է, որ իրական թվերը շատ ավելի մեծ են տարբեր երկրներում թեստավորման տարբեր մակարդակների, ինչպես նաև կառավարությունների կողմից տրամադրված հնարավոր ապատեղեկատվության պատճառով։

Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման տեմպն այժմ աշխարհում ամենաարագն է։ Վարակակիրների թվով աշխարհում առաջատար է շարունակում մնալ ԱՄՆ-ը, ապա հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Պերուն։