Եթե անգամ արտակարգ դրությունն ավարտվի, դա չի նշանակում, որ հարցը կլուծվի. Զոհրաբ Մնացականյանը՝ Մոսկվա մեկնել ցանկացողներին

Այդ երկրի կանոններն են, ժողովուրդ ջան, ոնց մենք ենք մեր կանոններն իրականացնում, մեզնից ի՞նչ եք ուզում. ո՞վ է ձեզ պահել, ո՞նց ենք պահել: Tert.am-ի տեղեկացմամբ, այս մասին այսօր ԱԳՆ-ի դիմաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց ՌԴ մեկնել ցանկացողներին, որոնք արդեն մի քանի շաբաթ է՝ բողոքի ակցիա են իրականացնում՝ շեշտելով, որ ցանկանում են ՌԴ գնալ, բայց չեն կարողանում։

Նախարարը նշեց, որ ինչ-որ ելքեր փորձել են գտնել, բայց դա միայն կարողացել է օգնել Ռուսաստանի քաղաքացիներին, սակայն այս դեպքում պարզապես թույլ չեն տալիս, որ այդ երկրի քաղաքացիություն չունեցողները մտնեն այնտեղ: «Ցուցակները մենք կուղարկենք, որ հասկանանք իրավիճակը, բայց սա որևէ բան չի երաշխավորում, հստակ իմացեք՝ ես դատարկ խոստումներ չեմ տալիս, համավարակը կանցնի, ամեն ինչ կընկնի տեղը»,- ասաց նա:

Քաղաքացու այն առաջարկին, թե կարելի է պարզապես թեստավորվել ու հասկանալ, որ վարակակիր չեն, որից հետո կարող են մեկնել, նախարարը պատասխանեց. «Հիմա ուզում եք, որ ե՞ս լուծեմ ուրիշ երկրի խնդիրները»:

Քաղաքացիներից մեկի այն խոսքին, թե ինչու Կառավարության և ոչ մի նիստում անդրադարձ չի կատարվում այս հարցին, նախարարը կրկին շեշտեց՝ ուրիշ երկրի կանոն փոխել հնարավոր չէ:

«Խնդիրը ծանոթ է, հասկանալի է, բայց անմիջապես լուծումը առկա չէ, որովհետև լուծումը վերաբերում է այլ երկրի որոշումներին»,- ասաց նա և ակցիայի մասնակցի այն խոսքին, թե խնդրի վերաբերյալ ինչ բանակցություններ և քննարկումներ են իրականացվում, Մնացականյանը հստակ  պատասխան չտվեց:

Նախարարը շեշտեց, որ այս իրավիճակը միայն Հայաստանում չէ, և ասել, որ հայերի համար պետք է բացառություն անել, ճիշտ չէ: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իր տղան Ռուսաստանում է, և երբ Ռուսաստանում հետաքրքրվել է, թե ինչպես անի, որ իր մայրիկին իր մոտ տանի, ասել են՝ երբ  Հայաստանում արտակարգ դրությունը դուրս գա, այդ ժամանակ հնարավոր է, նախարարն արձագանքեց, թե ինչո՞ւ տղան չի գալիս իր մոր մոտ և շեշտեց. «Եթե անգամ արտակարգ դրությունն ավարտվի, ապա իրատես եղեք՝ դա չի նշանակում, որ հարցը կլուծվի»:

Քաղաքացիներից մեկի այն խոսքին, թե բավարարված չեն նախարարի պատասխաններից, Մնացականյանը  ասաց. «Մենք էլ բավարարված չենք, դուք բավարարված կլինեք, երբ Մոսկվայում կլինեք: Դուք ուզո՞ւմ եք, որ ես սուտ խոստում տամ: Եթե ես այստեղ կանգնած եմ, ուրեմն ձեր ձայնը բարձրացված է, թե չէ ինչի համար եմ այստեղ»: