Իսկ ինչի՞ համար պիտի ներողություն խնդրեինք Ադրբեջանից (տեսանյութ)

Իսկ ինչի՞ համար մենք պիտի ներողություն խնդրեինք Ադրբեջանից։ Այն բանի համա՞ր, որ մենք հետևելով օրենքի տառին՝ փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավո՞ւնքը։ Իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշել։ Այն բանի համա՞ր, որ նրանք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերում, և այդպիսով իրենք իրենց ապահով էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությանը։ 1992-ին մինչև մայիս ամիսը օր է եղել Ստեփանակերտի  վրա մինչև 350 ռումբ, արկ ու հրթիռ  է ընկել, այդ բանի համա՞ր ներողություն խնդրեինք։

Այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից երկու տարի անց մամուլի ասուլիսի ձևաչափով  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե նա ի՞նչ կպատասխաներ օրերս BBC-ի «Hard talk» հաղորդման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված  հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է ներողություն խնդրել Ադրբեջանից հայերի՝ այսպես կոչված ռազմական հանցագործությունների համար։

«Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեկս չունենք ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։  Մենք ամաչելու ոչինչ չունենք, մենք կամաչեինք, եթե չդիմադրեինք, եթե չպատշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք «Ստեփանակերտ –Ստեփանակերտ» երգել, այ, այդ ժամանակ մենք ներողություն պիտի խնդրեինք, բայց ոչ թե Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից, և առաջին հերթին այն տղաներից, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր։ Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը հավելեց՝ ցավալի է, որ և հայկական կողմից, և ադրբեջանական կողմից եղան քաղաքացիական զոհեր խաղաղ բնակչության շրջանում, բայց պատերազմի առանձնահատկություններից մեկը դա է, և դրա համար պետք չէ ներողություն խնդրել։

Մանրամասները՝ տեսանյութում