Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի գերնպատակը ապացուցելն էր, որ խնդիրն ունի ռազմական լուծում (տեսանյութ)

Որո՞նք էին Ադրբեջանի քաղաքական նպատակները Ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծելիս։ Այսօր իր պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ նման հարցադրում հնչեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դրանք, ըստ նրա, փաստարկված, ձևակերպված են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան փորձագիտական շրջանակների ուսումնասիրություների, պատկան մարմինների իրականացրած լայնածավալ վերլուծությունների մեջ, նաև տարբեր երկրների ղեկավարների հետ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հետպատերազմյան բազում հանդիպումների ընթացքում և ընդունված որոշումներում։ Գերնպատակը՝ բանակցությունների ընթացքը փոխելն էր, ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէի ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016 թ․ հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը։

Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը, որի ամենազորեղ ապացույցը 1994 թվականին ստորագրված եռակողմ հրադադարի փաստաթուղթն է։

Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի հոգեբանության և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանությամբ։

Հասե՞լ են նրանք իրենց նպատակներին, թե ոչ։ Սերժ Սարգսյանը պարզաբանեց, որ մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին հայկական կողմերին և միջազգային հանրությանը կանգնեցնել փաստի առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։ Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ Ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ- Պետերբուրգում։ Սա Սերժ Սարգսյանը համարեց իրենց իշխանությունների թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Այսպիսով՝ երրորդ նախագահն արձանագրեց, որ ապրիլյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում․ ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Կրելով անհաջողություններ մարտի դաշտում՝ Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի մասնակցությամբ։ Հայաստանից ակնկալվում էր համաձայնել հրադադարի ստորագրման Ադրբեջանի առաջարկին։ Բայց Հայաստանը մերժեց՝ պնդելով, որ վերահաստատվի 1994 թ. մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը։ Իսկ նոր հրադադարի փաստաթուղթ ստորագրելու դեպքում Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ:

Մանրամասները՝ տեսանյութում