Գառնիկ Իսագուլյանին բերման ենթարկողները և դա նրանց հրահանգողը, ով էլ որ լինի, պատասխանատվությունից խույս չեն տալու (տեսանյութեր)

Երեկ` օգոստոսի 17-ին, ոստիկաններն իրենց ղեկավարության հետ միասին Երևանում թույլ տվեցին հերթական օրինազանցությունը` սկզբում ոտնահարելով մարդու իրավունքները, ապա հարված հասցնելով մարդու արժանապատվությանը, այսինքն, ըստ էության, աղբանոց նետելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի`

«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

  1. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  2. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Ինչ է տեղի ունեցե՞լ… Մեր հասարակության մի մասը ԶԼՄ-ների երեկվա հրապարակումներից արդեն տեղյակ է, որ ոստիկանները Երևանի կենտրոնում, Հանրապետության հրապարակի, ավելի որոշակի, Գարեգին Նժդեհի արձանի մոտից բերման են ենթարկել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, LIVEnews.am կայքի «Ազգային անվտանգության տեսանկյունից» հեղինակային հաղորդաշարի վարող Գառնիկ Իսագուլյանին` խաթարելով ուղիղ եթերում կայքի աշխատանքը:

Սկզբում մոտեցան երկու ոստիկան և շնչադիմակ չկրելու համար Իսագուլյանից պահանջեցին անձը հաստատող փաստաթուղթ: Մինչև շնչադիմակ չկրելու վերաբերյալ Իսագուլյանի բացատրությունը, ոստիկանների պահանջը կարելի է համարել իրավաչափ: Սակայն Գառնիկ Իսագուլյանը նրանց շատ հստակ բացատրեց, որ իր ձեռքին ծխախոտ կա, թեև այն այրված չէ, սակայն ինքը ծխախոտից այդ կերպ է օգտվում, իսկ պարետի որոշմամբ սնվող կամ ծխող մարդիկ այդ ընթացքում կարող են շնչադիմակ չկրել, քանի որ շնչադիմակ կրելու պարագայում ոչ սնվել է հնարավոր, ոչ էլ ծխել:

Ոստիկանների խնդիրն է, որ չգիտեն տարրական բաներ, օրինակ, այն, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, որոնք խուսափելով ծխել, ծխելու իրենց պահանջը թեկուզ մասնակի բավարարում են չվառված ծխախոտը մերթընդմերթ իրենց շուրթերի արանքն առնելով և ֆիլտրից օդ քաշելով, ուրիշները ծխելու ցանկության դեպքում, ասենք, արևածաղկի սերմ են չրթում կամ դիմում այլ միջոցի: Ի՞նչ է` մարդիկ իրավունք չունե՞ն ծխելու իրենց պահանջն այս կերպ բավարարարել, պարտադիր պետք է ծխեն ու վնասե՞ն իրենց առողջությունը, որպեսզի, ըստ ոստիկանության, համարվեն ծխող ու տվյալ պահին շնչադիմակ չկրելու իրավունբ ունեցող, հետևաբար չկրելու համար չտուգանվեն… Այդ որտե՞ղ է գրված, որ ծխախոտից կարելի է օգտվել միայն այն այրելու միջոցով…

Ոստիկաններին քանիցս տեղեկացվեց, բացատրվեց, որ լրատվամիջոցն ուղիղ եթերում հաղորդում է տալիս, հաղորդմանը մասնակցող Արտյոմ Խաչատրյանը ոստիկաններին խնդրեց 10 րոպեից, հաղորդման ավարտից հետո մետենալ ու պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, սակայն ոստիկանները մնացին անդրդվելի: Հասկանալի է, որ նրանք ծառայություն են իրականացնում ու նրանց աշխատանքը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ նաև ԶԼՄ-ի աշխատանքը:

Մի պահ համարենք, թե ոստիկանների պահանջն իրավացի էր, ծխախոտը, չայրելով հանդերձ, օգտագործելու Իսագուլյանի պատճառաբանությունն անընդունելի, ոստիկանների աշխատանքն էլ ավելի կարևոր է, քան զանգվածային լրատվամիջոցինը, հետևաբար իրավունք ունեին առանց հաղորդման ավարտին սպասելու, այն ընդհատելու, խանգարելու և անձը հաստատատող փաստաթուղթ պահանջելու, չստանալու դեպքում Իսագուլյանին ոստիկանության համապատասխան ստորաբաժանում բերման ենթարկելու, որպեսզի այնտեղ նրա ինքնությունը պարզեին, թեև, կարծում ենք, հրաշալի գիտեին (Հայաստանում նույնիսկ շարքային քաղաքացիներից քչերը կարող են Արցախյան շարժման ժամանակներից քաղաքական, ապա պետական գործիչ, ՀՀ նախագահի` ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության նախկին խորհրդական-խորհրդատու, LIVEnews.am-ի եթերում գրեթե ամեն օր հաղորդում վարող Գառնիկ Իսագուլյանին չճանաչել): Այո, մի պահ համարենք, որ ոստիկանները մինչ այդ պահը վարվել են անսխալ, իսկ հետո՞…

Երբ Իսագուլյանը ոստիկաններին տեղեկացրեց, որ անձը հաստատող փաստաթուղթ ունի, սակայն այն մոտերքում կայանած իր ավտոմեքենայի մեջ է, առաջարկեց միասին գնալ, որպեսզի փաստաթուղթը տրամադրի ոստիկանին, նրան մոտեցած ոստիկաններից որևէ մեկը չառարկեց ու ճիշտ վարվեց, քանզի Իսագուլյանին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին բերման ենթարկելը ոստիկաններից ավելի շատ ժամանակ կխլեր, քան մոտերքում կայանած Իսագուլյանի ավտոմեքենային մոտենալը, բացի այդ, հարկ կլիներ նաև վառելիք ծախսել` ոստիկանական ավտոմեքենայով Իսագուլյանի տեղափոխման համար:

Թվում է, թե վերջ, այսինքն` այն բանից հետո, երբ Իսագուլյանը ոստիկանին տրամադրեց իր անձը հաստատող փաստաթուղթը, ոստիկանությունը դրա տվյալներով պետք է վարչական իրավախախտման արձանագրություն կազմեր, հրաժեշտ տար քաղաքացուն և հեռանար, սակայն LIVEnews.am-ի հաղորդման վայր վերադառնալուց հետո, այնտեղ զանգով կամ ռադիոկապով ժամանած և իրենց վերադասից զանգ ստացած (առնվազն ասվել է` բերման ենթարկեք) ոստիկանների ուժեղացված խմբի անդամները, առանց որևէ բացատրության և, ընդգծում ենք, առանց որևէ անհրաժեշտության, չարաշահելով իրենց լիազորությունները, Իսագուլյանի զույգ ձեռքերը բռնելով կամ ոլորելով, նրան մտցրեցին ոստիկանական մեքենան ու բերման ենթարկեցին հիշյալ բաժին:

Ավելին. ոստիկանները նշված բաժնում Իսագուլյանին պահեցին ուղիղ 3 ժամ, այսինքն` օրենքով թույլատրված առավելագույնը, թեև վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթն առկա Է, կես ժամից էլ քիչ ժամանակ է անհրաժեշտ, ընդամենը` րոպեներ:

Ոստիկանների վերոնշյալ ոչ իրավաչափ և անօրինական գործողություններն ակնհայտորեն և անվիճելիորեն պարունակում են քաղաքացու և քաղաքական գործչի նկատմամբ պատժիչ բաղադրիչ, նրա արժանապատվությունը նսեմացնելու դիտավորություն, որի համար նրանք, ուշ թե շուտ, կանգնելու են պատասխանատվության առջև: Ոչ միայն իրենք, այլև իրենց վերադասները, ներառյալ` ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, եթե չնախաձեռնեն ծառայողական քննություն և ոստիկանների արարքին չտրվի համապատասխան գնահատական:

Ոստիկաններն իրենց եթե չասենք հանցագործությանը, ապա օրինազանցությանն օրինականի տեսք տալու համար մոգոնել և, ըստ Իսագուլյանի, արձանագրության մեջ մտցրել են այն կեղծիքը, թե Գառնիկ Իսագուլյանին բերման են ենթարկել իբր ոստիկաններին դիմադրելու համար, մինչդետ իրականում որևէ դիմադրություն չի եղել, Իսագուլյանին բերման ենթարկելու ամբողջ ընթացքը LIVEnews.am-ի կողմից տեսանկարահանված է և ապացուցում է դա:

Տարիներ առաջ ոստիկանության ղեկավարության կողմից, լավ թե վատ, աշխատանք էր տարվում, որպեսզի ոստիկաններն ազատվեն մարդկանց գրպանը թմրանյութ կամ զենք գցողի, այդ կամ այլ կերպ գործ սարքողի կերպարից, ոստիկանները և, ընդհանրապես, ոստիկանությունը ձեռք բերեն հասարակության վստահությունը, հիմա այդ ամբողջ աշխատանքը ջուրն է լցված, ոստիկանությունը կանգնած է կոտրած տաշտակի առջև, քանզի դարձել է ներկայիս ավտորիտար իշխանության կամակատարը, քաղաքական կեղտոտ գործիքը (ավելի խիստ բատ չեմ ուզում օգտագործել):

Ո՞վ է ոստիկաններին հրահանգել և իրավունք տվել չարաշահել իրենց լիազորությունները ու դրանով քաղաքացիների և լրագրողների իրավունքները ոտնահարելուց բացի, ստվերել նաև ոստիկանության առանց այն էլ փայլուն վիճակում չգտնվող հեղինակությունը… Ուշ թե շուտ, դա պարզվելու է: Եվ իրավակարգին ծառայելու փոխարեն, օրվա իշխանությանը ծառայող ոստիկանները թող բնավ չզարմանան ու չզայրանան, երբ մեր հասարակության գնալով շատ անդամներ են իրենց ենիչեր կոչում, քանի որ իրենց գործելակերպով վաստակել են այդ անվանումը, այդ գնահատականը:

Անկախ Իսագուլյանի կամ LIVEnews.am-ի կողմից հիշյալ ոստիկանների կամ ոստիկանության դեմ դատական գործընթաց սկսել-չսկսելու հանգամանքից, կատարվածի վրա հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը: Թեև ՀՀ գլխավոր դատախազից առանձնակի ակնկալություն չունենք, բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մահանում, մեկ էլ տեսար… Ի վերջո, ոչ ոք և ոչինչ չի մոռացվի:

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանն իր գործընկերների և LIVEnews.am-ի նկարահանող խմբի հետ միասին Նժդեհի արձանի մոտ էր գտնվում, այնտեղից էր իր հաղորդումը վարում` տվյալ վայրում անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին բարոյապես աջակցելու համար: Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել և արդեն 6-րդ օրը հացադուլի մեջ է ընդդեմ երեխաների սեռական դաստիարակության անվան տակ նրանց հոգեբանական խեղում և այլասերում նախատեսող, ԱԺ-ի կողմից վերջերս վավերացված Լանզարոտի կոնվենցիայի` պահանջելով ՀՀ-ի հրաժարումն այդ կոնվենցիայից, ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի նախատեսված վավերացման, որը ԼԳԲՏ-ների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) և ուրիշ այլասերվածների համար ապահովելու է լայն իրավունքներ, ներառյալ` երեխաներ որդեգրելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում իրենց պիղծ ամուսնությունների գրանցմանը հասնելու, անարգել, այսպես կոչված, գեյ շքերթներ կազմակերպելու-անցկացնելու, նաև այլ միջոցներով այլասերման քարոզով զբաղվելու, մեր երեխաների դաստիարակչական հաստատություններում տրանսգենդերների աշխատանքի…

Հակոբկոխյանը հանդես է գալիս նաև ապազգային կրթական չափորոշիչների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ կատարվող քայլերի, Սևանա լճի, Ջերմուկի ջրերի ապականումը (և ոչ միայն…) նշանակող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ, այս ամենի դեմ պայքարելու համար պահանջում կամ ակնկալում ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորում:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերը`

https://www.youtube.com/watch?v=b8uu3cCgwlk

https://www.youtube.com/watch?time_continue=101&v=c3cNa6-9Du4&feature=emb_logo