Ձեր հակառակորդները պնդում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում եք ուղիղ եթերներով, սելֆիներով, ցատկոտելով. BBC-ի հաղորդավարը` Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը: Հարցազրույցի ընթացքում հաղորդավար Սթիվեն Սակուրը դիմել է Նիկոլ Փաշինյանին` նշելով

«Կորոնավիրուսը վերահսկողության տակ առնելու Ձեր կառավարության ջանքերը հաջողություն չեն ունեցել, հակառակը` այն ձախողվել է, այնպես չէ՞»:

«Ես կարծում եմ, որ դեռ շատ վաղ է եզրակացություններ անել, որովհետև, դժբախտաբար, համավարակը զարգացող վիճակում է ամբողջ աշխարհում: Մենք ռազմավարություն ենք մշակել մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Եկեք եզրակացություններ անենք այն ժամանակ, երբ կորոնավիրուսը համաշխարհային մակարդակով հաղթահարված կլինի»,-պատասխանել է ՀՀ վարչապետը:

Ապա հաղորդավարը նշել է, որ Փաշինյանի քաղաքական հակառակորդները, մասնավորապես` Հանրապետական կուսակցության անդամները խիստ քննադատել են վարչապետին կորոնավիրուսի դեմ վատ պայքարի համար և պահանջել նրա հրաժարականը:

«Ձեր հակառակորդները Երևանում, Հանրապետական կուսակցությունը հայտարարել են, որ Դուք կորոնավիրուսի դեմ պայքարում եք ուղիղ եթերներով, սելֆիներով, ցատկոտելով: Դուք պատասխանատու եք այս իրավիճակի համար, շատ սխալներ եք գործել և պետք է հրաժարական տաք»,-ասել է հաղորդավարը:

«Հայաստանը ժողովրդավար երկիր է, և ընդդիմությունն ազատ է իր մտքերն արտահայտելու հարցում: Ես շատ ուրախ եմ, որ ընդդիմությունը կարողանում է գործել շատ ավելի ազատ, քան մինչ հեղափոխությունը»,-ասել է ՀՀ վարչապետը: