Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել․ Tert.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը:

«Մենք վերաքննիչ դատարանում առաջ էինք քաշել մի քանի խնդիրներ հիմնավոր կասկածի, պատգամավորական անձեռնմխելիության խախտման, գործը ԱԱԾ վարույթում քննելու հետ կապված: Վերաքննիչ դատարանը հպանցիկ անդրադարձել էր մեր առաջ քաշած խնդիրներին և որոշել էր, գործը հետ ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության, մենք գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը եղած նյութերի սահմանում կարող էր որոշում կայացնել, հայցը բավարարել, կամ ոչ, այլ ոչ թե գործն ուղարկել առաջին ատյանի դատարան»,- մանրամասնեց պաշտպանը՝ ավելացնելով, որ բողոքը ներկայացրել են երեկ:

Հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ իր նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում ՝կառավարության հրաժարականը պահանջելու համար: