Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի մայրաքաղաքում երեքշաբթի տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 157-ի, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա»  հեռուստաալիքը:

Իշխանությունները նշում են, որ զոհվածների թիվը կարող է աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Մահացածների թվում վերջին տվյալներով, Լիբանանի 11 հայ բնակիչ կա, որոնք պայթյունի պահին գտնվել են մայրաքաղաքում: 250 հայ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ավելի քան 300 000 բնակիչ տեղահանվել է տներից: Բազմաթիվ շենքեր ավերվել են, որոնց փլատակների տակ մարդիկ կարող են մնացած լինել:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի մոտ հզոր պայթյուն է որոտացել օգոստոսի 4-ին: Ավերածության է ենթարկվել քաղաքի մեծ մասը: