Բեյրութում պայթյունն առանց տանիքի է թողել 300 հազար մարդու

Հզորագույն պայթյունը, որը մեկ օր առաջ տեղի է ունեցել Բեյրութում, վնասներ է հասցրել քաղաքային տարածքի շենքերի կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», օգոստոսի 5-ին հայտնել է Լիբանանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Մարվան Աբուդը: Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, նա նաեւ ասել է, որ 300 հազար քաղաքաբնակներ մնացել են առանց տանիքի, իսկ պայթյունի պատճառած վնասը գնահատվում է 3 մլրդ դոլար:

Պայթյունի ուժն այնպիսին էր, որ դրա ալիքն զգացել են նույնիսկ Կիպրոսում, որը գտնվում է Լիբանանի մայրաքաղաքից ավելի քան 200 կիլոմետր հեռավորությամբ: Տվյալներ են ստացել ավելի քան հարյուր զոհերի եւ 4 հազարից ավելի վիրավորների մասին: Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է: Այն մաքսային ծառայությունների կողմից բռնագրավվել Էր 2014 թվականին: Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայյա ալ-Հասանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում նույնպես հայտարարել էր սելիտրայի պայթյունի մասին: