ՀԿԱ ծառայության 14 աշխատակից շարունակում են բուժվել COVID-19-ից

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 14 աշխատակից։

Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

«Վարակվածներից 39-ն աշխատանքի են վերադարձել։ Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են»,- «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրել է ՀԿԱ ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր շահառուներին նաև  տեղեկացնում է, որ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսներով՝ Արաբկիր և Քանաքեռ֊-Զեյթուն բաժնում աշխատում է 4, իսկ Էրեբունի-Նուբարաշեն բաժնում՝ 3 աշխատակից։

«Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: