Եթե այսպես գնա, մի օր էլ այս քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ, Երևանը՝ Էրիվան. Շարմազանով

«Ազգայինի և ավանդականի դեմ արշավ է ընթանում, և այն այս երկու տարում մեծ չափերի է հասել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, իշխանությունները դեռ երկու տարի առաջ են հայտարարել, որ «իզմեր» չունեն՝ նացիոնալիզմ, պատրիոտիզմ։

Ըստ ՀՀԿ խոսնակի, «քայլողների բանակի» շարքում կան բազմաթիվ ոչ ավանդական արժեքների կրողներ, Հայ առաքելական եկեղեցու ընդդիմախոսներ։ Էդոաւրդ Շարմազանովը հիշեցրեց, որ նոր իշխանությունների օրոք տեղի ունեցավ Վեհարանի և Վեհափառի վրա հարձակում։

«Դրա հիմքը եղավ պարոն Բոլթոնի այցը Հայաստան, երբ նա ՀՀ-ում հայտարարեց՝ պետք է հրաժարվել ազգային գաղափարներից։ Եվ այս աննախադեպ իշխանությունը որևէ առարկություն չարեց։ Իսկ որո՞նք են մեր ազգային արժեքները՝ ըստ մեզ. Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ազգային ինստիտուտները՝ ընտանիք, դպրոց, եկեղեցի, բանակ…»,- ասաց նա

ՀՀԿ խոսնակը նշեց՝ եթե 2007 թվականի ազգային անվտանգության ռամավարության հետ համեմատեն, ապա կտեսնեն, որ ներկայիս իշխանությունների բերած ռազմավարությունը երկու շատ կարևոր տարբերություն ունի.

«Առաջին, 2007 թվականի ռազմավարության մեջ Արցախի Հանրապետություն է նշված, իսկ այս ժամանակաշրջանի ռազմավարության մեջ Հանրապետությունը բացակայում է։ Երկրորդ, 2007-ի ռազմավարության մեջ հստակ՝ որպես նպատակ նշված էր հայապահպանությունը, իսկ Փաշինյանի ժամանակաշրջանի ռազմավարության մեջ հայապահպանություն գոյություն չունի։ Այս ամենը պետք է տեղ գտներ նաև կրթության և գիտության չափորոշիչների մեջ»,- շեշտեց Է. Շարմազանովը։

Նրա խոսքով, այն, ինչ այսօր կատարվում է, հայկականության դեմ է։ Ըստ Է. Շարմազանովի, Հայոց պատմության երկու հիմնական ամբիոն կա՝ մեկը ԵՊՀ-ում, մյուսը՝ ՀՊՄՀ-ում, բայց որևէ մեկի պաշտոնական կարծիքը ներառված չէ Հայոց պատմության դասագրքերի կազմման հարցում։

«Որո՞նք են վտանգները… ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, բայց նախագծի չափորոշիչներում Հայկական լեռնաշխարհը փոխարինվել է Արևելյան Անատոլիա տերմինով։ Այսինքն՝ եթե այսպես գնա, մի օր էլ այս քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ, ինչպես թուրքերն են անվանում, հետո Երևանը՝ Էրիվան… դրա՞ն ենք գնում։ Երկրորդ, աղանդավորական շարժումների մասով… Թոնդրակյան  ու Պավլիկյան շարժումները որպես աղանդավորական շարժում նշված չեն, ոչ պաշտոնական ուսմունք է գրված։ Ձեզ թվում է՝ սա պատահականությո՞ւն  է։ Բացի այդ, Բագրատունյաց շրջանի մասին խոսելիս միայն Անիի թագավորության մասին է խոսվում, ի՞նչ Լոռու, Վանանդի թագավորություն, Սյունիքի, Արծրունիների  թագավորություն չկա, ոչ եղել են, ոչ բան։ Ի միջիայլոց, Գրիգոր Նարեկացին հենց Արծրունիների թագավորության շրջանում է գործել»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակի խոսքով, 1914 թվականի Առաջին աշխարհամարտի տարիների կամավորական շարժումների մասին որևէ տող գրված չէ.

«Այսինքն՝ ո՛չ Անդրանիկ է եղել այդ ժամանակաշրջանում, ո՛չ Դրո, ո՛չ Նժդեհ, ո՛չ Քեռի, ո՛չ Վարդան, ո՛չ Հայկ Բժշկյա՞նց, եղել են իրենք ու իրենց Նիկոլա՞յը, այդպես ո՞նց կլինի։ Ինչո՞ւ պիտի այսպես լիներ»։

Էդուարդ Շարմազանովը նշեց՝ այս ամենը պետական քաղաքականություն է, որը ղեկավարվում է նաև դրսից։ Սա արշավ է՝ հայագիտության ու հայապահպանության դեմ:

«Ավելին, ըստ հավաստի լուրերի, այդ թուրք-հայկական համատեղ դասագրքի կազմման գործում անմասն չեն նաև իմքայլական պատգամավորներից ոմանք։ Սա պետական քաղաքականություն է։ Կամ երբ պարոն Փաշինյանը պառլամենտում հայտարարում է, թե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված տրանսգենդեր մարզիկն իր պաշտպանության տակ է… սա է այս իշխանության նկարագիրը։ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձին իր պաշտպանության տակ է առնում, բայց հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայոց եկեղեցին հալածվում են։ Ու այս դեպքում հենց խոսում ես՝ սկսում են՝ նախկինները, կոռուպցիան…»,- նշեց նա։

Նա նշեց, որ կատարվողը արշավ է հայ ինքնության դեմ.

«Նրանց քաղաքական հայրը նշում էր ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հիմա իրենք եկել և դա հաստատում են։ Կարծում եմ՝ հանրությունը չպետք է լռի։ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը կողմ արտահայտվող միակ իշխանությունը սա է։ Եվ ի՞նչ էիք սպասում, եթե այս մարդիկ եկած-չեկած Արցախյան հերոսներին կալանավորում են, դուք ի՞նչ էիք սպասում»։

Նրա խոսքով, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ամեն տեղ Նիկոլ Փաշինյանի անունը խցկեն։

«Այսօրվա իշխանությունների գործելաոճը ինձ հիշեցնում են КПСС-ին Բրեժնևի ժամանակ, որ ամեն տեղ Բրեժնևի անունը խցկում էին, մեդալներ էին կախում։ Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ, 2016-ին էլ առաջին գծում է եղել, Թալիշը ազատագրել…»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։