ԿԳՄՍՆ-ի նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական, թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը. ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի հայտարարությունը

Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ ամբիոնի նիստի որոշումը՝ ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի ստորագրությամբ, ներկայացնում ենք ստորև.

«Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի մշակումն ու ուսումնական գործընթացի մեջ ներառումն այսօր իսկապես կարևոր խնդիր է, որն անհրաժեշտ է իրականացնել պատմական հավաստի սկզբնաղբյուրների, նորահայյտ փաստերի, դրանց հիման վրա տասնամյակներ շարունակ հայ և այլազգի առաջատար ու մեծանուն պատմաբանների, արևելագետների, լեզվաբանների, հնագետների և ազգաբանների մշակած գիտական հիմնարար աշխատությունների, թեզերի ու հիմնադրույթների օգտագործումով` ներառելով նաև առարկայի դասավանդման արդի մեթոդներ՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Ուզում ենք կարծել, որ հենց այդպիսի նպատակ են փորձել որդեգրել նաև «Հայոց պատմություն» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի քննարկման ներկայացված նախագծերի հեղինակները: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ հապշտապ, մեկուսի, հավակնոտ, ինչ-որ տեղ ինքնագլուխ կերպով կազմված նման «հայեցակարգի» բացթողումներն այնքան ակնհայտ են, որ խնդիրն իրականացնելու համար մասնագիտական խոր գիտելիքներ, երկարամյա մանկավարժական աշխատանքի փորձ և պատմական իրադարձություններն ու անցքերը հաջորդաբար հայեցի շարադրելու հմտություններ ունեցող մասնագետների ներգրավման ու խորհրդատվության առաջնահերթ կարիք ունեն: Հայեցակարգերում, հատկապես «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի պարագայում, բացարձակապես հաշվի առնված չեն սովորողների տարիքային առանձնահատկությունները: Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակները բազմաթիվ անհասկանալի և խրթին ձևակերպումներով, փորձել են ստեղծել մի խառնաշփոթ՝ նպատակ ունենալով հակակրանք ստեղծել առարկաների նկատմամբ: Այնինչ՝ պետք է լիներ հակառակը:

Չխորանալով և չկենտրոնանալով սույն «հայեցակարգերում»-ում ներկայացված վիճելի և/կամ անստույգ յուրաքանչյուր արտահայտության, եզրույթի, մեկնաբանության և ձևակերպման վրա, ինչը մի-քանի տասնյակ (իսկ մանրամասն ու հիմնավոր քննարկան պարագայում նաև մի-քանի հարյուր) էջ տեքստ կներառեր, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատակիցները (այդ թվում՝ 2 ակադեմիկոսներ, պատմական գիտությունների 6 դոկտորներ և 10 թեկնածուներ) միաձայն գտնում են, որ ներկայացված նախագիծը կազմված է հապճեպ, միակողմանի և մասնագիտական լուրջ վերամշակման ու հիմնովին վերաշարադրման կարիք ունի: Այն չի համապատասխանում իր գլխավոր նպատակին, ապագայում այս չափորոշիչների հիման վրա գրվելիք դպրոցական դասագրքերը չեն կարող սեր առաջացնել առարկայի նկատմամբ և աշակերտին տալ համակողմանի գիտելիքներ: Քննության ներկայացվող նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական և թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը, որոնց հաշվի չառնելու դեպքում անհնար է ստեղծել հաջողված դպրոցական դասագիրք: Ըստ որում առաջնահերթ պահանջ է, որ նախագիծն իրականացնող խումբը համալրվի Հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների պատմաբան-մեթոդիստներով և ազգաբաններով, ինչպես նաև փորձառու մանկավարժներով:

ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ՝

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյան

  1. 07. 2020 թ.»