ՌԴ իրավապահները դադարեցրել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը: Այս մասին ասաց Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու պաշտոնական պատճառաբանությունը ես այս պահին չունեմ, բայց տրամաբանական է, որ, եթե անձի գտնվելու վայրը պարզ է, պետք չէ նրա նկատմամբ հետախուզում հայտարարել»,- ասաց Մակինյանը:

Ռուբեն Հայրապետյանը Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով և շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաև նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարը 2015-2016 թվականների ընթացքում ստացել է ընդհանուր՝ 52.000.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները: Դա իմանալով՝ Հայրապետյանը և նրա որդին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմակերպել են գործադիր մարմնի ղեկավարի՝ ազատությունից ապօրինի զրկելը, վերցրել վերջինիս բջջային հեռախոսը, նրան պատճառել ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք, ապա ընտանիքի անդամներից և ընկերությունից պահանջել են 57.138.000 ՀՀ դրամին համարժեք՝ 120.000 ԱՄՆ դոլար: ՔԿ-ի տվյալներով՝ իրական համարելով Ռուբեն Հայրապետյանի և մյուսների կողմից հնչեցված վտանգավոր սպառնալիքները՝ նրանք վաճառել են մի շարք իրեր, միջնորդավորված կերպով հանձնել Հայրապետյաններին: Ավելի ուշ Հայրապետյանները ընտանիքի անդամներին զրկել են նաև միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին: