ԱՄՆ-ում նախորդ օրը րոպեն մեկ կորոնավիրուսից մահ է գրանցվել

Չորեքշաբթի Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր րոպեն մեկ կորոնավիրուսից մարդ է մահացել, գրում է «Ռեութերս» գործակալությունը՝ մանրամասնելով, որ նախորդ օրը երկրում մահվան 1461 նոր դեպք է գրանցվել: Իսկ ավելի վաղ մահվան ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր մայիսի 27-ին՝ 1484:

Վերջին տվյալներով, ԱՄՆ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 150 000-ը, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

Աղբյուրը նկատում է, որ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակից մահվան դեպքերի շարունակական աճ է նկատվում: Իրավիճակն առավել ծանր է Արիզոնա, Կալիֆորնիա, Ֆլորիդա և Տեխաս նահանգներում, որտեղ հիվանդանոցները լեփ-լեցուն են:
Նահանգների շարքում մահվան ելքով դեպքերի թվով առաջատարը Տեխասն է, որտեղ մեկ ամսում մոտ  4300 հիվանդ է մահացել: