Նույնիսկ առյուծներն ավտոմեքենան այնպես չեն հոշոտել, ինչպես շները` Երևանում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի անգործության հետևանքը

Երևանում օրերս կատարվածը Հայաստանում հաստատապես աննախադեպ, թերևս բացառիկ դեպք է նաև ողջ աշխարհում: Գազազած շների ոհմակը վաղ առավոտյան հոշոտել, բառի բուն իմաստով ծվեն-ծվեն է արել, մասնատել… բակում կայանված ավտոմեքենան, որը ոչ թե մսից ու ոսկորից, այլ մետաղից, պլաստամասսայից և ռետինից է բաղկացած:

Հեռուստատեսությամբ, Յութուբով, ընդհանրապես փաստագրական ֆիլմերով ավտոմեքենայի վրա առյուծների և այլ գազանների հարձակման շատ կադրեր ենք տեսել, բայց նույնիսկ նրանք ավտոմեքենան այնպես չեն վնասել, ինչ թափառող շների ոհմակը Երևանում: Զուտ օրվա ժամով պայմանավորված ու բարեբախտություն է, որ տվյալ պահին ավտոմեքենայի մոտ կամ շենքի բակում մարդ չի եղել, այլապես ԶԼՄ-ները հիմա արդեն հաղորդած կլինեին, որ շների ոհմակը մայրաքաղաքում մարդ է հոշոտել: Նույնիսկ պատկերացնելը սարսափելի է:

Ֆեյսբուքի օգտատերերից Ḡohar AghajanyĀn-ը, որը հավանաբար հոշոտված ավտոմեքենայի տերն է, օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«էսօր առավոտվա ժամը 6-ի կողմերը գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել են!!

Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, ո՞վ ա էս ամեն ինչի համար պատասխանատվություն կրում, ես որպես ՀՀ քաղաքացի ինչի՞ պետք ա ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ:

Ու մի պահ պատկերացնենք մարդու առկայությունը էդ իրավիճակում, չէ դուք լա՞վ եք!!!»:

Ավտոմեքենայի հոշոտման պահը տեսանկարահանվել է, տարածվել համացանցում: Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ից (համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից) արձագանքել են հրապարակված տեսանյութին:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն այսօր ահազանգ էր ստացել Երևանի բնակչից այն մասին, որ թափառող շների մի խումբ վնասել է բակում կայանած իր մեքենան։

Ահազանգին ընթացք է տրվել և դեպքի վայր է ժամանել ՀՈԱԿ-ի ղեկավար Հրաչյա Աղաբեկյանը՝ աշխատակիցների հետ միասին՝ մանրամասներին ծանոթանալու համար։

Տուժած մեքենայի սեփականատիրոջ խոսքով, տեսանյութում երևացող շները ագրեսիվ վարք չեն ցուցաբերել։ Քաղաքացու ենթադրությամբ, կենդանիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել մեքենայի տակ եղած կատվի առկայությամբ։

ՀՈԱԿ-ի տնօրինությունը և մեքենայի սեփականատերը՝ պահպանելով համագործակցային մթնոլորտը, կփորձեն ՀՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համատեղ լուծում գտնել ստեղծված իրավիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այս ի՞նչ անհեթեթություն է. քաղաքացին պարզ գրել է, որ «գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել են…», Գոհար Աղաջանյանը անգործության համար հրապարակայնորեն քննադատել է Երևանի քաղաքապետարանին, իսկ նշված կազմակերպության արձագանքում նշված է, թե «Տուժած մեքենայի սեփականատիրոջ խոսքով, տեսանյութում երևացող շները ագրեսիվ վարք չեն ցուցաբերել»: Ագրեսիվ վարքն էլ ինչպե՞ս է լինում… Շներն երևի պետք է ավտոմեքենան ամբողջությամբ ուտեի՞ն, միայն այդ դեպքո՞ւմ կհամարվեր, որ ագրեսիվ վարք են ցուցաբերել: Դե կներեք, այդքան ախորժակ չեն ունեցել:

Պարզ երևում է կատարվածը կամ երևանում գազազած և, ընդհանրապես, ոչ նորմալ վիճակում գտնվող շների առկայության խնդիրը յուրօրինակ կերպով ծածկադմփոցի անելու, դրանից երես թեքելու հիշյալ ՀՈԱԿ-ի միտումը: Իսկ այդ խնդիրն անվիճելիորեն կա` անկախ նրանից, որ Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետ Հայկ Մարությանը, հիշյալ ՀՈԱԿ-ն ու նրա ղեկավար Հրաչյա Աղաբեկյանը դրանից երես են թեքում:

Ի՞նչ է նշանակում, թե «ՀՈԱԿ-ի տնօրինությունը և մեքենայի սեփականատերը՝ պահպանելով համագործակցային մթնոլորտը, կփորձեն ՀՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համատեղ լուծում գտնել ստեղծված իրավիճակում»։ ՀՈԱԿ-ի գործառույթն ընդամենը թափառող շներին ստերջացնելը, ամլացնելն է, որ այլևս չբազմանան, ինչպես նաև «կատաղություն» հիվանդությունն ունեցող շներին քնեցնելը (տվյալ պարագայում «սատկացնել» բառի քնքուշ հոմանիշը): Իսկ ի՞նչ է  անելու նշված ՀՈԱԿ-ը, եթե նույնիսկ հաջողվի տվյալ շներին ճանաչել ու բռնել, ու պարզվի, որ նրանք «կատաղություն» հիվանդությունը չունեն, բայց գազազած են, ագրեսիվ կամ աննորմալ վարք ունեն: Խնդիրը լուծելու առումով ոչինչ: Հնարավոր է, նրանք կամ նրանց մի մասն արդեն ստերջացված, ամլացված է: Լավ, ասենք, բոլորին կամ մյուսներին ստերջացրեցին, ամլացրեցին, բայց դրանից խնդիրը չի լուծվելու, այդ շների վարքը չի փոխվելու:

Մի՞ թե դժվար է հասկանալ, որ ինչպես մարդիկ ունեն տարբեր բնավորություն, այնպես էլ շները, ինչպես մարդիկ են լինում հոգեպես առողջ և անառողջ, այնպես էլ շները: Շունը կարող է նաև «կատաղություն» հիվանդությունը չունենալ, բայց լինել գազազած, ունենալ ագրեսիվ վարքագիծ, հարձակվել մարդկանց վրա կամ ցերեկ ու գիշեր հաճախակի ու բարձրաձայն հաչել, խանգարել շրջապատում ապրողների քունն ու հանգիստը, քայքայել նրանց նյարդերը, վնասել առողջությունը:

Երևանում և, ընդհանրապես, Հայաստանում տարբեր տարիների մարդկանց, այդ թվում նաև երեխաների վրա շների հարձակման բազմաթիվ դեպքեր են եղել` որոշ դեպքերում շատ ծանր կամ նույնիսկ ողբերգական հետևանքներով, բայց բոլոր դեպքերում չէ, նույնիսկ սակավաթիվ դեպքերում է, որ «կատաղություն» հիվանդությունն են ունեցել: Ուրեմն ի՞նչ, հանդուրժե՞լ այս վիճակը, իշխանությունների գործառույթը թափառող այդպիսի շներին ընդամենը ստերջացնելով, ամլացնելով համարել ավարտվա՞ծ… Իհարկե՛ ոչ:

Որպեսզի իշխանությունները, ինչպես ասում են, իրենց խելքը գլուխները հավաքեն, առաջարկում եմ շների հարձակումից տուժած բոլոր քաղաքացիներին (եթե վաղեմության խնդիր չկա), ինչպես նաև նրանց, որոնք այսուհետ կտուժեն, դատի տալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին կամ այն պաշտոնյային, որի մեղքով է ներկայիս իրավիճակը: Գուցե ավելի ճիշտ լինի հանցավոր անգործության կամ անփութության համար իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը: Փաստաբանները, իրավապահները կասեն, թե դրանցից որն է ճիշտ:

Ոչ հեռավոր անցյալում Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում թափառող շներին ուղղակի գնդակահարում էին: Իհարկե, դա էլ հակառակ ծայրահեղությունն էր, որովհետև ոչնչացվում էին նաև այն շները, որոնք որևէ մեկի վրա չէին հարձակվել, որևէ մեկի հանգիստը չէին խանգարել: Ավելին. շներին երբեմն գնդակահարում էին նաև օրը ցերեկով կամ երեկոյան այն ժամերին, երբ դրսում դեռ բազմաթիվ մարդիկ կան, գնդակահարում էին նույնիսկ երեխաների աչքերի առջև, ինչն, անշուշտ, անթույլատրելի է: Բայց չէր կարելի մի ծայրահեղությունից ելնել ու սորոսական կեղծ կենդանասերների պահանջով մյուս ծայրահեղության մեջ ընկնել: Ի վերջո, մարդն է ավելի կարևոր, քան շունը:

Վերջերս մեր դիմացի շենքի բակում մի շուն է հայտնվել ու հաստատվել այնտեղ: Ցերեկ ու գիշեր հաճախակի, աննորմալ կերպով հաճախակի ու շատ բարձրաձայն հաչում է, նույնիսկ գիշերվա 3-ին, 4-ին, խանգարում շրջապատում ապրողների քունն ու հանգիստը, իր հաչոցով էլ երկու թե 3 շան դրդում հաչել: Նույնիսկ ամռան այս շոգին եվրոպատուհանները փակելը չի օգնում, շների հաչոցը, միևնույն է, լսվում է, բնակիչները չեն կարողանում կարգին քնել, մինչդեռ նրանց մի մասն հաջորդ օրն աշխատանքի են, պետք է աշխատի: Առանց հանգստանալու, ինչպե՞ս…

Օրերս զանգահարեցի Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 1-05 հեռախոսահամարին, մի բարեկիրթ աղջիկ բողոքս գրանցեց, խոստացավ փոխանցել ում որ հարկն է: 3 թե 4 օր հետո երբ որևէ արդյունք չեղավ, կրկին զանգահարեցի, այստեղից զանգը փոխանցեցին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ: Այստեղի պաշտոնյան, որի հետ խոսեցի և որը ներկայացավ որպես նշված կազմակերպության ղեկավար, ասաց, որ ոչնչով չեն կարող օգնել, իրենց գործը միայն կատաղած շներին ստերջացնելն է և, եթե պարզվի, որ շունը հիվանդ է «կատաղություն» հիվանդությամբ, նրան քնեցնելը:

Դատելով ամենից, տվյալ շունը նշված հիվանդությամբ հիվանդ չէ, ուրեմն ի՞նչ` շարունակենք ցերեկ ու գիշեր հանգիստ չունենա՞լ, գիշերները չքնե՞լ… Զրուցակիցս ասաց, որ իրենց կանոնադրությունը թույլ չի տալիս այլ կերպ վարվել: Այդ դեպքում, սակայն, կանոնադրությունը պետք է փոխել կամ լրացնել` դրանում ներառելով նոր կետ, ըստ որի, եթե թափառող շների ագրեսիվ վարքագծի կամ մարդկանց հանգիստը խանգարելու կապակցությամբ բողոք կա, այդ դեպքում ևս նշված ՀՈԱԿ-ը պարտավոր է նրանց որսալ ու քնեցնել:

Բարձրացված խնդրի վրա հրավիրում ենք Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի և ավագանու ուշադրությունը: Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ շների հարձակումից կամ իրենց հանգիստը խանգարելու հետևանքով տուժած քաղաքացիները մի օր կարող են դատի տալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին կամ այն պաշտոնյային, որի մեղքով է ներկայիս իրավիճակը: Բացառված չէ նույնիսկ, որ առաջիկայում շան հարձակվելու հետևանքով մարմնական վնասվածք ստանալու դեպքում տուժողը, կամ մահանալու դեպքում տուժողի ներկայացուցիչը հանցավոր անգործության կամ անփութության մեղադրանքով հանցագործության մասին հաղորդում ներկայացնի իրավապահ մարմիններին:

Տեսանյութը այստեղ` https://www.youtube.com/watch?time_continue=42&v=Zdln9dsfiBA&feature=emb_logo

Արթուր Հովհաննիսյան