Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սաներ և 5 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաներ և 5 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում։ «Դեպքերը հիմնականում ասիմպտոմ են, վարակակիրները որևէ խնդիր չունեն այս պահի դրությամբ»,- նշել է Մարտիրոսյանը:

Խոսնակի տեղեկացմամբ՝ հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահին այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ:

Հայաստանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 903-ի: