Փաշինյանը վտանգելով հայ-ռուսական հարաբերությունները, հարվածի տակ է դնում նաև ՀՀ ազգային անվտանգությունը

Ի՞նչ էր ասելու Փաշինյանն այդ դեպքում Լուկաշենկոյին… 

Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակցի կարգավիճակ են ձեռք բերել Հայաստանի նախկին իշխանությունների օրոք: Դեռ 2018-ի գարնանը, երբ «թավշյա հեղափոխություն» կոչվող իշխանափոխությամբ կամ իշխանազավթմամբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ոչ անհիմն մտահոգություններ արտահայտվեցին, որ Փաշինյանը կարող է փչացնել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որոնց նշանակությունն ու կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար, կարծում ենք, բացատրության կարիք չունի:

Ընդգծենք, որ Հարավային Կովկասում Հայաստանը միակ պետությունն է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունի, Ադրբեջանը Ռուսաստանի հետ համեմատաբար վերջերս ձեռք բերեց միայն ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ:

Թե այժմ խորքային ինչ գործընթացներ են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, մանրամասներին չենք տիրապետում, այդ մասին թե ՀՀ-ում, թե ՌԴ-ում խիստ սակավաթիվ մարդիկ գիտեն, որոնք այդ մասին բացահայտ չեն արտահայտվում:

Այնուհանդերձ, որոշ իրադարձություններ ու փաստեր, այդ թվում նաև Հայաստանից Ռուսաստան ինքնաթիռներով առաքված մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակների իրար հաջորդած սկանդալային բացահայտումները, որոնք խայտառակեցին ՀՀ իշխանություններին և, բացի այդ, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, ուղղակի ու լուրջ հարված հասցրեցին շա՜տ բարձրաստիճան իշխանավորներից ոմանց շահերին,  լակմուսի թղթի նման ցույց են տալիս, որ երկու պետությունների հարաբերությունները գնալով կնճռոտվում են: Ընդ որում, դատելով ամենից, դա տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ, այսինքն` փաշինյանական իշխանությունը կամ կատարում է քայլեր, որոնք հակասում են Ռուսաստանի շահերին (քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական…), հետաքրքրություններին, արժեքային համակարգին:

Հնարավոր է նաև, որ ՀՀ իշխանությունները չեն կատարում ինչ-ինչ գործողություններ, որոնց կատարումն իրենցից ակնկալում են Ռուսաստանի իշխանությունները` նկատի ունենալով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, այդ հարաբերությունների ոչ միայն տառը, այլև ոգին ու դրանից բխող այն հարգանքը, որը պետք է ունենան երկու պետությունները և երկու պետությունների առաջնորդները միմյանց նկատմամբ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս Բելառուսի Հանրապետությունը անվանել է Ռուսաստանի միակ դաշնակիցը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում: Այդ մասին նա ասել է հունիսի 26-ին Մինսկի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, «Բելառուս-1» պետական հեռուստաալիքը հունիսի 28-ին ցուցադրել է հիշյալ միջոցառման ընթացքում Բելառուսի առաջնորդի ելույթի դրվագները:

«Միակ դաշնակիցը, որը մնաց Ռուսաստանի հետ, Բելառուսն է», – հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Թվում է, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կամ գոնե նրա մամուլի քարտուղարը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կամ գոնե ԱԳՆ մամուլի քարտուղարը (դե, հասկանալի պատճառով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի մասին չենք հիշատակում, որովհետև, ինչպես ասում են, նրա անունը կա, ամանումը չկա, Արմեն Սարգսյանը որպես ՀՀ նախագահ իր դերում չէ, բացակայում է…) պետք է հակադարձեին Բելառուսի նախագահին, բացատրություն պահանջեին, ասեին` հարգելի պարոն Լուկաշենկո, այս ի՞նչ եք ասել, ձեզ ինչո՞ւ է թվում, թե Բելառուսը միակ դաշնակիցն է, որ մնացել է Ռուսաստանի հետ, բա Հայաստա՞նը, որը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունի, ի՞նչ հիմք ունեք թեկուզ անուղղակիորեն հայտարարելու, որ Հայաստանը միակողմանիորեն խզել է այդ հարաբերությունները և այլևս Ռուսաստանի հետ չէ, լքել է նրան կամ հեռացել նրանից:

Այո՛, եթե Ռուսաստան- Հայաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները Փաշինյանի և փաշինյանական իշխանության մեղքով վտանգված ու խաթարված չլինեին, ՀՀ իշխանություններն այսպիսի բացատրություն պետք է պահանջեին Բելառուսի նախագահից, բայց ախր ի՞նչ երեսով պահանջեին, իրենք հո գիտե՞ն, չէ՞, թե իրենց տակն ինչ կեղտ կա… Բա որ Լուկաշենկոն հանկարծ ասեր` Փաշինյան, եթե այդպես է, ո՞ւր էիք իմ այդ հայտարարությունից 2 օր առաջ` հունիսի 24-ին, Մոսկվայում Մեծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին ձեզ ինչ-որ չնկատեցի… Ի՞նչ էր ասելու Փաշինյանն այդ դեպքում, դժվար թե Լուկաշենկոյի առջև համարձակվեր դիմել իր սիրած հնարքներից մեկին` «կռուտիտին», պարզապես կարկամելու էր, քանի որ նա շինծու և անհեթեթ պատճառաբանությամբ չմեկնեց Մոսկվա ու չմասնակցեց Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև հայերիս ու Հայաստանի համար այդքան կարևոր տոնին:

Լուկաշենկոյի վերոնշյալ հայտարարությունից մեկ շաբաթ չանցած և ի հավաստումը նրա, որ Հայաստանը, ավելի ճիշտ, ՀՀ իշխանություններն իսկապես Ռուսաստանի հետ չեն, Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնվեց «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերտառությամբ ու մոտ 3 րոպե տևողությամբ մի ռեպորտաժ` Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացիները ձայների գերակշիռ մեծամասնությամբ արդեն կողմ են քվեարկել Սահմանադրության մեջ առաջարկված նաև այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են ռուսական օրենսդրության գերակա դառնալը միջազգայինի նկատմամբ, ՌԴ գործող նախագահին կրկին վերընտրվելու իրավունք տալն ու պաշտոնավարման նախորդ երկու ժամկետների զրոյացումը:

Վերոնշյալ տեսանյությում ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»։

Այսպիսով Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում ցույց տվեց նացիստ Ալեքսեյ Նավալնիին, որն ատում է հայերին և Հայաստանը։ Այս մասին «Соловьёв LIVE» յութուբյան ալիքի եթերում հուլիսի 1-ին ասաց ռուսաստանյան հայտնի լրագրող, հեռուստավարող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ Վլադիմիր Սոլովյովը։ Տեսանյութը միայն «Յութուբում» արդեն ավելի քան 206 000 դիտում ունի:

«Տեսեք ինչ հետաքրքիր է,- հաղորդման 34-րդ րոպեի 31-րդ վայրկյանից հետո ասաց Վլադիմիր Սոլովյովը։- Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է Хач-եր, որն ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»…

Կատարվածն անտեսել կամ լռության մատնել չի կարելի, մանավա՛նդ, որ կատարվածն արդեն կատարված է ու թաքցնելու ոչինչ չկա: Ավելին. անտեսելը, լռելը կլինի ջայլամի քաղաքականություն, որից միայն վտանգներ ու վնասներ կարելի է ակնկալել: Որքան էլ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը փորձի արդարանալ (եթե նույնիսկ փորձի…), թե ինքը Նավալնիի տեսաուղերձը ներկայացրել է, որպեսզի ընդդիմության և իշխանության տեսակետները հրապարակելիս հավասարակշռություն ապահովի, թերևս բոլորին էլ պարզ է, որ մնացյալից զատ, հայտնի պուտինատյաց և ՌԴ-ում Արևմուտքի ազդեցության գործակալ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձը հրապարակելով, ի լուր աշխարհի, արտահայտել է ՀՀ իշխանությունների և անձամբ Փաշինյանի վերաբերմունքը Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների ու ՌԴ նախագահի նկատմամբ, Նավալնիի կոչով միգուցե նաև փորձել կողմնորոշել ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներին` չմասնակցել հանրաքվեին կամ դեմ քվեարկել Ռուսաստանի սահմանադրական փոփոխություններին:

Սոլովյովը միանգամայն ճիշտ և անխոցելի նկատառմամբ է հանդես եկել` շառաչուն ապտակի պես վերջաբանով: Ոչինչ չես կարող ասել: Թե նրա ասածը լսելուց հետո Ռուսաստանում քանի՞սը տրամադրվեցին Հայաստանի, ՀՀ իշխանությունների, թերևս նաև հայերիս դեմ, դա արդեն այլ հարց է, հարց, որի պատասխանը թողնում ենք ընթերցողների երևակայությանը:

Արթուր Հովհաննիսյան