Երկաթուղին պատրաստ է ամառային շրջանում կայուն աշխատանքի. ՀԿԵ-ում ամփոփել են գարնանային ստուգումներրի արդյունքները

Հունիսի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացել է ընկերության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել և ամփոփվել են երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից:

Հանձնաժողովը՝ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, ուսումնասիրել է Հայաստանում գործող բոլոր երկաթուղային գծերը, արհեստական կառույցները, էներգամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի ենթակառուցվածքների օբյեկտները:

Ստուգումների ընթացքում հայտնաբերվում են թերություններ, ձեռնարկվում դրանց վերացմանն ուղղված միջոցներ, գնացքների սահմանված արագությունները համապատասխանեցվում են ուղու տեխնիկական վիճակին, երկաթուղին  նախապատրաստվում է ամառային շրջանում կայուն աշխատանքին` հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները: Լուրջ ուշադրություն է դարձվում աշխատանքային պայմաններին և դրանց համապատասխանությանը գործող օրենսդրությանը և ընկերության ներքին կանոնակարգերին:

ՀԿԵ գլխավոր տնօրենն անդրադարձել է հայտնաբերված թերությունների վերացման մի շարք հարցերի` ընդգծելով համակարգված մոտեցման անհրաժեշտությունը:

-Հարցեր կան տեխնիկական կանոնակարգերի և դրույթների հսկողության համակարգին, կատարվող աշխատանքների որակին և նկատուղությունների կանխարգելման և վերացման գործընթացին: Այստեղ անհրաժեշտ է բացառել տեխնիկական, ձևական մոտեցումը նման խնդիրների լուծմանը  և բացահայտել համակարգված մոտեցման հնարավորությունները: Ֆորմալիզմը Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի հիմնախնդիրների լուծման ժամանակ բացառվում է, թույլ տված սխալներից պետք է ճիշտ հետևություններ անել և գտնել դրանց համապարփակ կանխարգելման և վերացման ուղիները, – նշել է Ա.Մելնիկովը:

Հատուկ անդրադարձ է կատարվել կադրային հարցերին: Այս կապակցությամբ Ա. Մելնիկովը կարևորել է դաստիարակչության ինստիտուտի ներդրումը և ավագ սերնդի փորձի կիրառումը:

Գարնանային հանձնաժողովային ստուգման արդյունքներով, պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ընկերության 37 աշխատակից: Իր հերթին, ՀԿԵ արհեստակցական կազմակերպությունների միությունը ֆինանսապես խրախուսել է աշխատանքում լավ արդյունքների հասած ընկերության ստորաբաժանումները: