Էդմոն Մարուքյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի քայլը դավաճանություն էր պետության հանդեպ (տեսանյութ)

Երկու օր առաջ՝ հունիսի 22-ին, քաղաքական իրադարձությունները խորհրդարանում շատ արագ զարգացան։ Ժամերի ընթացքում իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը  ընդունեց Սահմանադրական փոփոխությունները, և  կարծիք ստանալու համար այն չուղարկեց Սահմանադրական դատարան՝ խախտելով Սահմանադրությունը: Նույն արագությամբ  նաև ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեց ու զրկեց ՀՀ նախագահին Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու  իրավունքից:  Եվ այսպես, իշխանության կողմից տեղի ունեցավ Սահմանադրության  ոտնահարում։ Կատարվածը քաղաքական շրջանակներում  որակվում է քրեորեն դատապարտելի արարք` իշխանության զավթում:

Կային բոլոր հիմքերը, որպեսզի ԱԺ ընդդիմությունը գնար կոնկրետ  գործողությունների` դիմելով ՍԴ: Եվ ԲՀԿ-ն սկսեց գործընթացը: ՍԴ դիմելու համար պակասում է ընդամենը երկու ձայն: Ակնկալվում էր, որ գործընթացին կմիանա  «Լուսավոր Հայաստանը»: Ինչպես ասում են,  գնդակը «Լուսավորի» դաշտում էր… Երեկ ամբողջ օրը լռելուց հետո ԼՀԿ-ն այսօր առավոտյան հայտարարեց, որ  չի միանում  ԲՀԿ-ի ստորագրահավաքին:

Իրենց չմիանալն այսպես պատճառաբանեց ԼՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․ «Չմիացանք, քանի որ ՍԴ-ն հուլիսի 7-ին քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը: Մենք ՍԴ կդիմենք երկրորդ նախագահի գործի քննությունից հետո»: Այսինքն, ստացվում է, որ ԼՀԿ-ն իր իրավական քայլը  պայմանավորեց Ռոբերտ Քոչարյանի գործով։ Ինչը նշանակում է՝  իրավական գործընթացն անձնավորեց ու դրսևորեց կողմանակալ վերաբերմունք:

Քաղաքական դաշտում «Լուսավոր Հայաստանի» քայլն այժմ որակվում է որպես  դավաճանություն պետության հանդեպ։

Տեղեկացնենք  նաև, որ երեկ՝ գիշերն անց,  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները ու դրանով փաստորեն սահմանափակեց իր իսկ լիազորությունները։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Անի Կարապետյանն է։

Մանրամասնությունը՝ տեսանյութում