Պարետ ունենք, աշխարհը չունի… Տուգանք` առանց անձը հաստատող փաստաթղթի ձեր իսկ տան զուգարանում, բաղնիքում գտնվելու համար

Իշխանության եկած էս ջահելները բանը երբեմն հասցնում են զավեշտի

Չե՞ք հավատում, ծիծաղո՞ւմ եք… Մտածում եք, թե հորինե՞լ ենք, որպեսզի մեր համեստ, «ինծելիգենտ» պարետը հասարակության աչքում ծիծաղի առարկա դառնա… Մի փոքր համբերող եղեք, կկարդաք, կիմանաք ինչն ինչոց է: Կհասկանաք, թե ովքեր են եկել իշխանության, եթե արդեն իսկ պատկերացում չեք կազմել, պատկերացում կկազմեք նրանց լրջության կամ անլրջության, տրամաբանել կարողանալու- չկարողանալու, ՀՀ օրենսդրությունն իմանալ- չիմանալու և այլնի մասին:

Այո, 10 000 դրամ տուգանք է սահմանված առանց անձը հաստատող փաստաթղթի ոչ միայն սեփական բնակարանի կամ առանձնատան զուգարան, այլև բաղնիք, խոհանոց, միջանցք, նախասենյակ, պատշգամբ մտնելու կամ այնտեղ գտնվելու, նկուղում, տանիքում, ավտոտնակում կամ կաթսայատանը գտնվելու համար: Համենայն դեպս, դե յուրե այդպես է ստացվում ըստ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 16.06.2020թ. N 139-Ն և 03.05.2020թ. N 63 որոշումների:

Պարետն իր 16.06.2020թ. N 139-Ն որոշմամբ 2020թ. մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ կատարել է լրացումներ և փոփոխություններ: Մասնավորապես` N 63 որոշման 6-րդ կետից հետո լրացրել է 6.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝

«6.1. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը»:

ՀՀ օրենսդրության համաձայն, «Բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է»: Թերևս բոլորին, նույնիսկ դպրոցականներին է հայտնի, որ իրենց բնակարանը, բնակելի տարածքից կամ բնակելի մակերեսից բացի (հյուրասենյակ /ներ/, ննջասենյակ /ներ/), ունի նաև օժանդակ մաս կամ օժանդակ մակերեսներ (միջանցք, խոհանոց, լողարան, զուգարան, նախասենյակ): Նրանք, ովքեր չգիտեն, կարող են դրան ծանոթանալ ընթերցելով ՀՀ կառավարության 29.06. 2017թ. N 757-Ն որոշման  հավելված N 1-ը:

Պարզ է, որ պարետ Տիգրան Ավինյանը քաղաքացու բնակության վայրը` բնակարանը, առանձնատունը, կացարանը, շփոթել է նրա բակավայրի, բնակատեղիի (քաղաք, գյուղ, ավան) հետ, իսկ բնակարանը, առանձնատունը, կացարանը` բնակելի տարածքի հետ, քանի որ այն ամբողջությամբ համարել է բնակելի տարածք, մինչդեռ ՀՀ օրենսդրության համաձայն, դրա սոսկ մի մասն է հանդիսանում բնակելի տարածք: Ակնհայտ է, որ պարետի հիշյալ որոշման վերը մեջբերված հատվածում «բնակելի տարածքից» բառերը ոչ միայն ավելորդ են, այլև դրանց առկայությունը որոշումը վերածում է զավեշտի:

Այնուհանդերձ, պատկերացնենք, թե պարետն այս հրապարակումից հետո հասկացել է իր թույլ տված սխալը, որոշման վերը մեջբերված հատվածից «բնակելի տարածքից» բառերը հանել է, և որոշման 6.1 կետը վերաշարադրել է հետևյալ կերպ.

«Բնակության վայրից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը»:

Ի՞նչ է ստացվելու այդ դեպքում, կամ ինչ է բխելու դրանից… Որոշման նույնիսկ վերոնշյալ շտկումից հետո ստացվելու է, որ քաղաքացին եթե առանց անձը հաստատող փաստաթղթի գտնվի, ասենք, իր հարազատի, ընկերոջ, հարևանի կամ բարեկամի տանը, իր շենքի տանիքում, նկուղում, իր ավտոտնակում կամ կաթսայատանը, ՀՀ կառավարության 03.05.2020թ. N 63 որոշման համաձայն, տուգանվելու է 10 000 դրամով… Իհարկե, եթե ոստիկանը այնտեղ հանկարծ բռնացրեց նրանց, դա էլ` քաղաքացու «բախտից»…

Ի դեպ, վերը շարադրվածը դեռ ամենը չէ պարետի հիշյալ որոշումների հետ կապված, մնացյալին կանդրադառնանք հաջորդիվ: Իշխանության եկած էս ջահելները բանը երբեմն հասցնում են զավեշտի: Նույնիսկ մտածում ես, թե նոր կորոնավիրուսն ազդել է նրանց ուղեղի կամ խելքի վրա:

Արթուր Հովհաննիսյան