Արտակարգ դրություն է, պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել, հրապարակեք կորոնավիրուսով վարակվածների տվյալները. վարչապետ

Անձնական տվյալները պաշտպանում ենք շատ սրբորեն, դրա համար հանրության մի ստվար զանգված չի հավատում, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդիկ կան, որ վերակենդանացման բաժանմունքում կորոնավիրուսով մարդիկ կան, որ կողքի շենքերում կորոնավիրուսով հիվանդ մարդիկ կան: Այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության խնդրին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե երբ Ոստիկանությունը ինչ-որ մեկին բերման է ենթարկում, մտնում են ուղիղ եթեր, ցույց են տալիս ու այդ ժամանակ չեն հիշում, որ անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա: «Իսկ երբ ցույց ես տալիս դրանից առաջ քաղաքացու ցուցաբերած օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են՝ բա անձնական տվյալները խախտել ես: էս մեր ժամանակակից իրավաբանությունը, ընդհանրապես, կներեք էլի, ամեն օր ինչ-որ տարօրինակ բանի ենք հանդիպում»,-ասաց վարչապետը և նշեց, թե խնդիրը ուզում են լուծել, ասում են՝ ինչ-որ կոնվեցիայի խախտում է:

«Չեմ հասկանում՝ այդ օրենքները խնդիր լուծելո՞ւ համար է, թե չլուծելու համար է»,-ասաց վարչապետը: Նա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կոչ արեց ոչ թե թաղամասերով, այլ շենքերով հրապարակել հասցեները, թե որտեղ կորոնավիրուսով վարակված մարդ կա։ «Եկեք անենք դա, ով չի հանդիպել, թող գնան, տեսնեն: Այսքան ժամանակ մի ընտանիքում, որտեղ մահ է եղել, թեև հասկանում ենք այդ մարդկանց սուգը, հոգեբանական վիճակն էլ, բայց չենք կարողացել համոզել, որ գան, կանգնեն ասեն, որ իրենց հարազատը մահացել է, ոչ մեկի չենք կարողացել ներգրավել այսպիսի գործընկերության մեջ»,-ասաց նա:

Արսեն Թորոսյանը նշեց, որ հատուկ չեն էլ փորձել՝ պատկերացնելով այդ մարդկանց վիճակը, սակայն նշեց, որ բազմաբնակարան մեծ շենքի հասցե հրապարակելու առաջարկ կա, որտեղ կորոնավիրուսի դեպքեր կան, ինչին ինքը դեմ չէ:

«Իրավիճակը արտակարգ է ու պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել դրանք լուծելու համար»,-ասաց վարչապետը և նշեց, որ հիմա, երբ խոսքի սահմանափակում չկա, ով ինչ հիմարություն ասես՝ ասում է, նույնիսկ, թե վթարից զոհվածի հարազատներին փող են տալիս, որ ասեն, թե իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել:

«Կառույցներ կան՝ երեսուն տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, հիմա որ ռեալ պայքար ա սկսել, ասում են՝ վայ, ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում, բա երեսուն տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են, շատ լավ ձև ա. ասում են՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք: Որ ուղղությամբ գնում ես, պարզվում է՝ սխալ է։ Հյուսիս գնաս՝ սխալ է, հարավ գնաս՝ սխալ է, աշխարհաքաղաքական նկատի չունեմ, արևելք, թե արևմուտք՝ սխալ է, ոչ մի ճանապարհ չկա, տպավորություն է, թե ուզում են մեր ձեռներն ու ոտերը կապել ու ասել՝ ոչ մի բան մի արեք: Արտակարգ դրություն է, պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել, ու էդ նեյնիմներին պետք է վերջ տալ, հրապարակեք այդ մարդկանց տվյալները»,-հավելեց նա: