Ոստիկանության պարզաբանումը ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողություններից լրագրողների դժգոհության կապակցությամբ

«Հարգելի՛ լրագրողներ

Այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի:

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին:

Հարգելի՛ լրագրողներ:

Ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում:

Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման»,-գրված է Ոստիկանության հայտարարության մեջ: